Մատչելիության հղումներ

logo-print

Վերջին օրերին Սիրիայի կառավարական զորքերի և զինյալների միջև բախումների հետևանքով նաև հայ զինծառայող է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Անցած երեք օրերի ընթացքում Սիրիայի կառավարական զորքերի և զինյալների միջև բախումների հետևանքով Հալեպում 45 խաղաղ բնակիչ է զոհվել՝ առավելապես երեխաներ, վիրավորվել է ավելի քան 300 մարդ։ Բախումների ընթացքում զոհվել է սիրիական բանակի հայազգի զինծառայող, 22-ամյա Փանոս Աղազարյանը: Վիրավոր քաղաքացիների շրջանում ևս սիրիահայեր կան՝ Հռիփսիմե Ղազարյանն ու նրա դուստր Սոսի Ղազարյան-Հեքիմյանը։

Անցած գիշեր հրթիռակոծվել են Հալեպի գրեթե բոլոր, այդ թվում՝ հայաբնակ թաղամասերը։

Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ Հռիփսիմե Ղազարյանի վիճակը կայուն է, նա դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ դուստրը պետք է ենթարկվի վիրահատության։ Սիրիահայ լրագրողի խոսքով, «գիշերը աչք չեն փակել ռմբակոծությունների ձայնից»։

«Մեր բնակարանը ևս անցած օրերին վատ վիճակի մեջ էր, երեխաներիս սենյակե սենյակ կտեղափոխեմ, որ փամփուշտներից հեռացնեմ։ Անապահով վիճակ է, կփորձեն խաղաղ բնակչության վրա հրթիռներ նետել, վրեժ- կլուծեն: Այս մթնոլորտի մեջն է քաղաքի բնակչությունը, դժբախտաբար։ Անմեղ մարդիկ, որ իրենց բնակարաններու մեջ են, կզոհվեն, տները կքանդվեն՝ սա է Հալեպի կացությունը», - նկարագրեց Պողիկյանը։

Ըստ նրա, այժմ քաղաքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ - «Հարձակումներն ավարտվել են, բայց տակավին հրթիռներ կընկնեն թաղամասերի վրա: Օրինակ, հիմա դուրսն էի, «Սուլեյմանյե» թաղամասի բնակարաններից մեկի վրա հրթիռ ընկավ»։

Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ, այդպիսով, զինյալները փորձում են վրեժ լուծել խաղաղ բնակչությունից՝ քանի որ հատկապես վերջին օրերին նրանց փորձերը՝ թափանցել Հալեպի հին հատված, ապարդյուն են եղել: Ասում է՝ այս գիշերը նախորդներից առանձնանում էր շատ ավելի հուժկու ցնցումներով: Վկայակոչելով սիրիական պաշտոնական աղբյուրները՝ Պողիկյանը նշեց, թե «զինյալ ահաբեկիչները կառավարության հսկողության տակ գտնվող թաղամասեր ներթափանցելու համար գիշերը ստորգետնյա ուղիներ են պայթեցրել»։

«Սիրիական բանակը իրենց մատակարարման շրջանը փակել է։ Փորձեցին այդ շրջանը հետ վերադարձնել՝ չկարողացան: Իրենք էլ վրեժ են լուծում խաղաղ բնակչությունից։ Հրթիռակոծումներ են ամենուրեք, մենք մեր բնակարանների մեջ նստած՝ փամփուշտներ են տեղում, անապահով մի վիճակ է ստեղծվել, բառերով նկարագրելու չի», - պատմեց նա:

Հալեպում բնակվող Մայդա Բակկալյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ համայնքում հիմնականում մնացել են տարեցները, որոնք երկրից պարզապես դուրս գալ չեն կարող․ - «Կայնքը շարունակել հնարավոր չէ, հոգիս․․․ ես մամայիս համար չեմ կարող ելնել: Մայրիկ ունեմ ծերուկ, ո՞ւր տանեմ, ինչպե՞ս բերեմ Հայաստան: Առանձին չեմ կարող թողնել՝ 93 տարեկան է»:

Տարիներ առաջ Հայաստան տեղափոխված Հրայր Ակվիլյանը, ով ամենօրյա կապի մեջ է Սիրիայում մնացած հարազատների ու ընկերների հետ, կարծում է՝ Հալեպում հայկական համայնքն այլևս գոյություն չունի: Ակվիլյանն ասում է, որ անցած տարիներին Սփյուռքի ու միջազգային կառույցների կողմից ծախսված միլիոնավոր դոլարները կարող էին ուղղվել ոչ թե պատերազմի մեջ ապրող համայնքը պահպանելու գործողություններին, այլ Հայաստան՝ իրապես աջակցելու այստեղ տեղափոխված սիրիահայերին․ - «Ոչ թե երթալով՝ Ամերիկայից, Կանադայից հանգանակություններ անելով միլիոնավոր դոլարներ ուղարկեին Հալեպ և այդ մահամերձ հիվանդին այդ մորֆին՝ ասեղը սրսկելով պահեին, այլ այդ գումարները պետքական ծրագրեր անելով օգտագործվեր»:

Հալեպահայը կարծում է, որ այս դեպքում հնարավոր կլիներ խուսափել հայկական համայնքի՝ անցած տարիների կորուստներից։ Սիրիայի հայկական համայնքն արդեն երկու հարյուրից ավելի զոհ է տվել: Սիրիական պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքի հայկական ամենամեծ գաղութը գրեթե դատարկվել է․ Հալեպից հեռացել է համայնքի մոտ 70-80 տոկոսը։ Տարբեր հաշվարկներով Հալեպում մնացել է 6.000-7.000 հայ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG