Մատչելիության հղումներ

ԹԻ փորձագետ․ Պետությունը չհիմնավորված թանկ գնումներ է իրականացնում


ԹԻ փորձագետ Արտակ Մանուկյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 10-ը հուլիսի, 2016 թ․

ԹԻ փորձագետ Արտակ Մանուկյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 10-ը հուլիսի, 2016 թ․

«Ի՞նչն է խանգարում, որ նախարարությունները գնումներ կատարեն անմիջականորեն բորսաներից, անհամեմատ ցածր գներով»,- հարց է հնչեցնում Արտակ Մանուկյանը:

Չնայած տարիներ շարունակ բարձրաձայնվող մտահոգություններին, պետությունը շարունակում է միջնորդավորված գնումներ իրականացնել, ինչը բյուջեի վրա բավականաչափ թանկ է նստում: Այս մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը:

«Որևէ բան չի խանգարում, որ, օրինակ՝ բենզինը, հնդկաձավարը, որոնք հատկապես ՊՆ-ի համար շատ կարևոր ծախսային միավորներ են, պետությունն ավելի ցածր գներով ձեռք բերի բորսաներից: Մինչդեռ, մենք կեղծ մոնոպոլիաներ ենք ստեղծում՝ այդ ապրանքները միջնորդներից գնելով»,- նշեց փորձագետը, մանրամասնելով՝ «Մենք հնդկաձավարը ձեռք ենք բերում վերավաճառողից․ Ռուսաստանից ինչ-որ մեկն այն գնում է և այստեղ պետությանը վերավաճառում է մի քանի անգամ ավելի բարձր գնով: Ի՞նչն է խանգարում, որ այդ նույն նախարարությունները, որոնք մեծամասշտաբ գնորդներ են, միանգամից բորսայից ձեռք բերեն այն»:

Արտակ Մանուկյանը նաև պետական գնումներին հաճախակի առնչվող մի քանի ընկերություններ է մատնանշում: Նրա խոսքով, մասնավորապես, բենզինի դեպքում «շուկան հստակ բաժանված է»: «Շուրջ 85 տոկոսը «Ֆլեշ» ՍՊԸ-ն է ձեռք բերում, հնդկաձավարի մի զգալի մասն էլ՝ «Մանանա Գրեյ»-ը: Ավելի զավեշտալի դեպք նշեմ՝ օրինակ, «Ալեքս Գրիգ»-ը հանդիսանում է շաքարավազի ներմուծողը, բայց շաքարավազը գրեթե միշտ ձեռք է բերվում «Դանանա» ՍՊԸ-ից, որը այդ ընկերության ներկայացուցչությունն է: Այսինքն՝ էլի միջնորդավորված գնումների հետ գործ ունենք»,- ասում է Արտակ Մանուկյանը:

Մեկ այլ օրինակ՝ «Մենք ունենք Ավանի աղի կոմբինատ, մինչդեռ պետությունը երբեք այնտեղից աղ չի գնում, աղը ձեռք է բերում մի միջնորղ ընկերությունից, որն աղը գնում է այդ նույն Ավանի աղի կոմբինատից և պետությանը վերավաճառում է ավելի բարձր գնով: ի՞նչն է խանգարում, որ անմիջապես իրենից [աղի կոմբինատից] ձեռք բերեն»,- հարց է հնչեցնում հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը:

Հարցին՝ ինչու՞ չեք պարզում, թե ովքեր են այդ ընկերությունների սեփականատերերը, քանի որ դա հակակոռուպցիոն կենտրոնի նպատակներից է, Մանուկյանը պատասխանեց՝ դա լրագրողական հետաքննության առարկա է: «Մենք բարձրաձայնում ենք ռիսկային գործարքները: Իսկ թե դրանց հետևում ովքեր են, կան արդյոք կոռուպցիոն դրսևորումներ, դա պարզելն արդեն պատկան մարմինների կամ լրագրողական հանրույթի գործն է»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG