Մատչելիության հղումներ

Գյումրիում հաշվառված գործազուրկների թիվը վերջին մեկ տարում աճել է 18 տոկոսով


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Պաշտոնական տվյալներով Հայաստանում գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքում՝ Գյումրիում, վերջին մեկ տարվա ընթացքում գործազուրկների թիվը աճել է շուրջ 18 տոկոսով: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

«Սա հիմնականում կապված է մեր զբաղվածության ակտիվ ծրագրերից, հատկապես՝ սեզոնային զբաղվածության ծրագրերից, որը իրականացվում է գյուղական շրջաններում գյուղացիական տնտեսությունների հետ», - ասաց Ադամյանը՝ պարզաբանելով․ - «Նախկինում եթե գյուղացիական տնտեսությունները էդքան չէին դիմում զբաղվածության ծառայությանը, երբ որ պետությունը անցավ նաև աջակցելու գյուղացիական տնտեսություններին, մարդկանց մոտ էդ ցանկությունը առաջացավ՝ հաշվառվել և օգտվել էդ ծրագրերից: Ա՛յ էդ է պատճառը հիմնական, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում զգալիորեն աճեց գործազուրկների թիվը»:

«Ունենք շուրջ 13 հազար հաշվառված աշխատանք փնտրողներ, գործազուրկի կարգավիճակ ունի 11 հազար 863-ը», - ասաց զբաղվածության կենտրոնի տնօրենը:

Տարիներ շարունակ Գյումրիում ներդրումներ անելը գործարարները ռիսկային են համարել՝ պահանջելով իրենց հարկային արտոնություններ տրամադրել, նույնիսկ առաջարկել էին քաղաքն ազատ տնտեսական գոտի հայտարարել: Սակայն կառավարությունը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ գործարարները այստեղ կարող են գալ, հարկային արտոնություններ ստանալ, բայց իրականում գործունեությունը այլ տեղ ծավալել:

Ի՞նչ է պետք Գյումրիում նոր աշխատատեղեր բացելու համար: Քաղաքում թերևս ամենամեծ ձեռնարկության՝ «Լենտեքս» ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Գործազրկությունը մեր քաղաքի ամենակարևորագույն հիմնախնդիր է, որը պետք է լուծվի, պետք է լուծվի անպայման պետական աջակցությամբ: Իրենք պետք է մտածեն՝ ինչ անեն, ես եթե որ ասեմ․․․ Անում են էն, ինչ որ անում են, բայց պետք է ավելին անեն: Թող մտածեն»:

«Եթե ես հիմա ասեմ՝ հարկերից արտոնություն տան, էդ նշանակում է, որ բյուջեն փող չմտնի՞, հա՞, էդ էլ իրենք պետք է ասեն: Պետք է մտածել, որ կարելի է Գյումրին ընդունել որպես զարգացող քաղաք, ինչ-որ ժամկետով՝ երեք տարի, չորս տարի տալ ինչ-որ հարկային արձակուրդ կամ ինչ-որ արտոնություն՝ ակնկալելով, որ հետագայում մեր բազան հարկային ավելի կմեծանա, և էդ աշխատատեղերը, որ հիմա պետք է էդ երեք-չորս տարում գործարարները բացեն, հետագայում իրենք կունենան ավելի շատ հարկային մուտքեր, ավելի շատ հարկ կմուծեն», - շարունակեց Գոմցյանը՝ ամփոփելով․ - «Էդ է սկզբունքը՝ դուք հարկերը քչացնում եք, կարճաժամկետ հատվածում չունեք էֆեկտ, բայց երկարաժամկետում դու մեծ էֆեկտ ունես՝ նախ՝ զբաղվածությունով, երկրորդն էլ՝ հարկերով»:

Ամեն տարի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ, որոնք սովորաբար բազմամարդ են լինում, բայց աշխատանք ոչ բոլորն են գտնում: 34 գործատու գյումրեցի աշխատանք փնտրողներին շուրջ 870 թափուր աշխատատեղ են առաջարկում, բայց շատերը սահմանափակումներ էին մտցրել, օրինակ՝ տարիքային:

«Իսկ ի՞նչ պետք է անեն էն մարդիկ, որոնք որ 45-ից ու բարձր են, ինչպես ես, ի՞նչ պետք է անենք, հաց չուտե՞նք, չսնվե՞նք, չապրենք մի խոսքով: Էդ դեպքում թող թոշակավորի պետությունը մեզ 45 տարեկանից հետո՝ դա կլինի ամենաճիշտը», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործազուրկ Երանուհի Սաֆարյանը, ում՝ աշխատանք գտնելու փորձերը տարիներ շարունակ անհաջողությամբ են ավարտվում:

Տոնավաճառում աշխատանք փնտրող մյուս քաղաքացիները ևս լավատես չէին:

Հիշեցնենք, անցած ամիս Գյումրի այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ առաջիկայում այստեղ 400 նոր աշխատատեղ կբացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG