Մատչելիության հղումներ

Սթիվըն Քուրքչյան․ Հենց հետաքննող լրագրողը պետք է ուշադրություն հրավիրի բոլոր խնդրահարույց ոլորտների վրա


Արդեն տասն օր Երևանում գտնվող ամերիկահայ լրագրող, Boston Globe-ի Spotlight հետաքննող թիմի հիմնադիր անդամ Սթիվըն Քուրքչյանը, ով մեկ շաբաթ դասընթացներ էր անցկացնում լրագրողների համար, հանդիպման խնդրանքով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, այս տարի «Օսկար»-ի արժանացած Spotlight ֆիլմը հիմնված էր հենց Boston Globe-ի լրագրողական խմբի սկանդալային բացահայտման վրա: Այս թիմի անդամ մեր հայրենակից Քուրքչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախագահականից պատասխան դեռ չկա, բայց և այնպես, հանդիպման դեպքում նախագահին փոխանցելու է բոլոր այն մտահոգությունները, որոնք այս օրերին հասցրել է բացահայտել հայ գործընկերների, ուսանողների հետ զրույցների ընթացքում:

«Ես չեմ խոսի կոնկրետ փաստերի մասին: Բայց ես կհորդորեմ ընդառաջ գնալ մարդկանց, խոսել նրանց հետ: Պետք չէ մարզադաշտում հավաքել բոլորին, բավական է փոքր խմբերով հանդիպել ու ընդամենը խոսել մարդկանց հուզող հարցերի շուրջ: Որպեսզի [նախագահը] ասի՝ ով է ինքը և ինչն է իրեն մտահոգում, ինչ է մտադիր անել: Նա դեռ կարող է փրկել իր հեղինակությունը», - ասաց ամերիկահայ լրագրողը:

Կոռուպցիա, անարդարություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ սրանք համընդհանուր խնդիրներ են, որոնց մասին լրագրողները բարձրաձայնում են շատուշատ երկրներում: Այսօր հանրային հանդիպման ժամանակ էլ Քուրքչյանը լրագրողներին հորդորեց չընկճվել ու չհիասթափվել, եթե աղմկահարույց հրապարակումից հետո կառավարությունը հետևություններ չի անում: Ըստ նրա՝ նույնիսկ այն երկրներում, որտեղ մեդիան վերահսկվում է, հնարավոր է հասնել հաջողության, եթե ոչ միայն միտքը, այլ նաև սիրտն է կենտրոնանում աշխատանքի վրա: «Մենք գրում ենք ժողովրդի համար»,- ընդգծում էր նա, հավելելով՝ որպեսզի ժողովուրդն ընդվզի անարդարության դեմ:

«Ազատության» դիտարկմանը, թե սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններում հայտնված երկրում, որտեղ ամեն երրորդը աղքատ է, որտեղ գործազրկությունը բարձր տոկոս է կազմում և որտեղ շատերը վախենում են բարձրաձայնել խնդիրների մասին, ինչպե՞ս կարող է գոյատևել խոսքի ազատությունը, Քուրքչյանը արձագանքեց, որ տեղյակ է այս ամենին, ավելին՝ ընդգծեց, որ միայն վերջին ընտրություններին չարաշահումների մասին փաստերը ոչ միայն պատիվ չեն բերում երկրին, այլև զրկում են շատուշատ հնարավորություններից․ - «Ամեն անգամ, երբ Հայաստանում ներդրում անել ցանկացող հաջողակ ամերիկացի գործարար լսում է երկրում տիրող կոռուպցիոն ռիսկերի մասին, հետ է կանգնում այդ որոշումից: Արդյունքում Հայաստանն է տուժում՝ զրկվելով ներդրումից: Սա իրականություն է, որին վաղ թե ուշ լրջորեն բախվելու է Հայաստանի կառավարությունը՝ ամբողջովին կորցնելով վստահությունը: Եվ եթե կառավարության այրերը կարծում են, որ միևնույն է՝ կմնան իշխանության առանց այդ վստահության էլ, խնդրեմ՝ Թոմաս Ջեֆերսոնի խորհուրդը՝ մարդիկ փողոց դուրս կգան: Դու չես կարող մերժել մարդկանց կամքը: Մարդիկ երկար չեն դիմանա: Ես չեմ մեղադրում այս կամ թեկուզ նախորդ վարչախմբին՝ իմ ասածն այն է, որ ով էլ լինի, եթե նա մերժում է ժողովրդի կամքը և մտածում միայն իր շահի մասին, վաղ թե ուշ ոչ միայն դուրս կշրպտվի, այլև բանտ կուղարկվի»:

Եվ այս ճանապարհը անցնելու համար անհրաժեշտ է լրագրողների օգնությունը, ասում է Քուրքչյանը, պնդելով՝ հենց հետաքննող լրագրողը պետք է հանրության ուշադրությունը հրավիրի բոլոր խնդրահարույց ոլորտների վրա, ինչից հետո էլ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա: «Ազատության» դիտարկմանը, որ այսօր ոչ միայն հետաքննող, այլև անգամ փողոց դուրս եկած մարդկանց բողոքի ցույցեր լուսաբանող լրագրողների աշխատանք է խոչընդոտվում, իրավապահ մարմինները անգամ բերման են ենթարկում լրագրողներին, վերցնում նրանց տեսախցիկներն ու ձայնագրիչները, Քուրքչյանը պատասխանեց․ - «Ես հասկանում եմ, որ դա լրագրողներին հիասթափեցնում է: Բայց հասարակությունը նաև դրա ականատեսն է լինում: Ավելին՝ կառավարությունն էլ գիտի, որ վատ արարք է գործում»:

Պուլիտցերյան մրցանակակիր լրագրողի կարծիքով՝ այսօր լրջագույն խնդիր է նաև այն, որ շատ հարցեր պատշաճ մակարդակով չեն լուսաբանվում: Մասնավորապես, առանձնացնելով ապրիլյան 4-օրյա ռազմական գործողությունները, Քուրքչյանն ընդգծում է․ - «100-ից ավելի զոհ ունեցաք, սակայն մինչև հիմա չգիտեք՝ ինչպես էր պատրաստ կամ ինչպես պատրաստ չէր մեր կառավարությունը, մեր զինված ուժերը: Այդ մասին պետք է խոսել, մարդիկ ուզում են իմանալ: Եվ եթե սա չի լինում, նշանակում է, որ սա այսպես ասած «դագաղի վերջին մեխը» կլինի: Կորցնում են մարդկանց հավատը, վստահությունը»:

«Ես կարծում են, որ մարդիկ կներեն կորուստները, բայց պետք է բացատրություններ տրվեն: Այս կառավարությունը դեռ չի արել դա: Եթե եղել են սխալներ, պետք է ներողություն խնդրեն և մարդկանց ասեն կոնկրետ քայլերի մասին: Հակառակ դեպքում՝ ժողովուրդը նորից փողոց դուրս կգա: Եվ Հայաստանը հայտնի կլինի ոչ միայն շախմատի չեմպիոն լինելով, այլև կառավարության հիմարությամբ», - շեշտեց ամերիկահայ լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG