Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանության գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց


Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը, արխիվ

Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը, արխիվ

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները պնդում են, որ դատավորը կաշկանդված է:

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին: Փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց այն հիմնավորումները, որոնց պատճառով, տուժող կողմի պնդմամբ, դատավորը կաշկանդված է:

Մայիսի 27-ի նիստին դատարանը ընդունեց 450 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցման հայցը, հայցվոր ճանաչեց Ավետիսյանների 2 դուստրերին ու ընտանիքի հարսի՝ Արաքսյա Պողոսյանի ծնողներին, պատասխանող՝ Ռուսաստանի Դաշնությանը, և նիստը մեկ ամսով հետաձգեց հայցը ռուսերեն թարգմանելու ու այն ռուսական կողմին փոխանցելու համար՝ դիրքորոշումը ճշտելու նպատակով: Սակայն մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նիստում դատարանը բարոյական վնասի փոխհատուցման հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության մերժեց, որն էլ հիմք հանդիսացավ, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի: Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչները միացան ինքնաբացարկի միջնորդությանը՝ ավելացնելով իրենց դիտարկումները ևս:

«Դատարանը որոշումը կայացնում է անձամբ, սակայն այլ-այլ վայրերում որոշակի հանգամանքների պատճառով դատարանը իր իսկ կայացրած որոշումները սույն քրեական գործով փոփոխում է», - հայտարարեց փաստաբաններից մեկը:

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդությանը, իսկ ամբաստանյալի փաստաբանը որոշումը թողեց դատարանի հայեցողությանը: Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը միացավ իր փաստաբանին: Դատավորը հետաձգեց նիստը, որոշումը կհրապարակի երեքշաբթի՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները, սակայն, կասկածում են, որ ինքնաբացարկի միջնորդությունը կբավարարվի: Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավորի կայացրած իրարամերժ որոշումներն արդեն բողոքարկել են:

«Բարոյական վնասի փոխհատուցման հայցի բավարարումը ռուսական կողմին կստիպեր, որ այսուհետ պատահական զինծառայողներ չհայտնվեն բազայում», - ընդգծեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ ռուսական կողմից ևս պետք է լինեն պատասխանատվության ենթարկվողներ:

«Չեն կարող պատասխանատվությունից խուսափել անձինք և չի կարող պատասխանատվությունից խուսափել այն պետությունը, որը հանգեցրել է այս ոճրագործությանը, որովհետև այս անձնավորությունը, ակնհայտ է եղել իր ծառայության 9-րդ օրը որ նա խնդիրներ է ունեցել», - ասաց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբաններն այսօր հայտարարեցին, որ ներպետական ատյանները սպառելուց հետո արդեն ընդդեմ Հայաստանի բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

XS
SM
MD
LG