Մատչելիության հղումներ

Վարչապետի հայտարարությունը «շփոթմունք» է առաջացրել պետական աշխատողների շրջանում


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, թե թե 2017-2019 թվականներին սոցփաթեթի հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի՝ ոլորտի չարաշահումները բացահայտելու համար, «Դեմ եմ» շարժման անդամ Շողեր Բաբայանի խոսքով, շփոթմունք է առաջացրել պետական աշխատողների շրջանում:

Յուրաքանչյուր պետական աշխատողի համար սոցիալական փաթեթի շրջանակում նախատեսվում է 132 հազար դրամ, որից 52 հազարն աշխատողի բժշկական ապահովագրությունն է, իսկ մնացած 72 հազարը մեկ փաթեթում է․ աշխատողն այդ գումարը կարող է ծախսել հիպոթեքային վարկ մարելու, հանգիստը կազմակերպելու, երեխայի իր ուսման վարձը մուծելու համար:

Շողեր Բաբայանը, օրինակ, իր ուսման վարձն էր վճարում սոցփաթեթով: Նրա պնդմամբ՝ օրենքը ենթադրում է, որ մեկ բաղադրիչի կասեցման պարագայում, մյուս երկուսը նույնպես կասեցվում են:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հարցը չմեկնաբանեցին, իսկ Ֆինանսների նախարարությունից հաստատեցին:

Շողեր Բաբայանը կարծում է, որ վարչապետը հատուկ է նշել հանգստի ոլորտի չարաշահումների մասին՝ միտումնավոր չընդգծելով նաև մյուս երկուսի կասեցումը, որպեսզի մարդկանց մոտ ավելի մեծ դժգոհություն չառաջանա․ - «Ինքը նաև զրկում է այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների ուսման վարձը պետք է դրանով վճարեին․․․ Ինչո՞ւ պետք է հանգստի պատճառով մնացած երկու ոլորտներն էլ տուժեն»:

Նախարարության տվյալներով, սոցփաթեթից շուրջ 100 հազար մարդ է օգտվում, դրա համար պետբյուջեից ամեն տարի մոտ 10 միլիոն դրամ է հատկացվում:

Երեկ կառավարության նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սոցիալական փաթեթի հանգստի ոլորտում շարունակվող չարաշահումներով զբաղվում են վարչապետի վերահսկողության ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Եվ հավելեց, որ Ֆինանսների նախարարությունը 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում «ռադիկալ լուծում է առաջարկել՝ սոցիալական փաթեթներում թողնելով միայն առողջապահության բաղադրիչը»:

«Դեմ եմ» շարժման անդամ, ուսուցչուհի Սոֆյա Հովսեփյանը, ով միշտ օգտվել է սոցփաթեթեից, կարծում է, որ վարչապետի նշած չարաշահումների այդ դեպքերը հենց կառավարության անգործության հետևանքն են: Ուսուցչունին նեղսրտեց, թե՝ չարաշահողներին պատժելու փոխարեն, թեկուզ ժամանակավորապես, կասեցնում են միանգամից բոլորի հանգստի, հիփոթեք մարելու ու ուսման վարձ մուծելու հնարավորությունը:

Հովսեփյանի համոզմամբ՝ կառավարությունը հատուկ է թիրախավորել պետական աշխատողներին, հատկապես մանկավարժներին, որովհետև վստահ է, որ նրանք չեն ընդվզի․ - «Փորձում են խնայել, բայց խնայում են այն խավից, որը արդեն իսկ խնայված է․․․ Ես գտնում եմ, որ սա հենց իրենց անգործության հետևանքն է»:

Մինչ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում շուրջ տասը տարի դասավանդող Հովսեփյանը գտնում է, թե ուսուցիչները ցածր վարձատրվող պետական աշխատողներից են, ու սոցփաթեթը փոքր-ինչ թոթափում էր նրանց հոգսը՝ Սերժ Սարգսյանի համակուրսեցի, թիվ 11 դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Ռուզան Ազիզյանը հակառակն է պնդում․ - «Կոնկրետ իմ ուսուցիչները բոլորն էլ հանգստանում են այն ժամանակ, երբ իրենք ցանկանում են և ունեն այդ հնարավորությունները: Այսօր ուսուցիչները այն պայմաններում չեն, ինչ սրանից մի 5-6 տարի առաջ»:

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ կառավարության նիստից հետո լրագորղներին ասաց, թե խոսքը հյուրանոցների կողմից չմատուցված ծառայությունների համար վճարումների դեպքերին է վերաբերում․ - «Օպերատիվ պետք է այս խնդիրը լուծվի, որովհետև բարեխիղճ, օրինապահ քաղաքացիները այստեղ չպիտի տուժեն»:

XS
SM
MD
LG