Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում կայացել է հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը


Հովիկ Աբրահամյան և Մաքսիմ Սոկոլով, Սանկտ Պետերբուրգ, 8-ը հուլիսի, 2016թ․

Հովիկ Աբրահամյան և Մաքսիմ Սոկոլով, Սանկտ Պետերբուրգ, 8-ը հուլիսի, 2016թ․

Հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովսկի» պալատում տեղի է ունեցել հանձնաժողովի 17-րդ նիստը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը, մասնավորապես՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Մաքսիմ Սոկոլովին և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Վերին Լարսի անցակետի շրջանում վերջերս արգելափակված Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերած օգնության և նրանց ավիափոխադրումը կազմակերպելու համար:

Վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ, աշխատանքային օրակարգը կատարվել է, ինչին նաև նպաստել են տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում օպերատիվ կերպով լուծում են ստացել բազմաթիվ հարցեր: Աբրահամյանի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: Նա նշել է, որ սերտ գործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:

Վարչապետը կարևորել է երկու երկրների տարածաշրջանների միջև ուղիղ կապերի հաստատումը, առանձնացրել նաև հումանիտար՝ կրթական և մշակութային կապերը, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում հայ-ռուսական հարաբերություններում:

Մաքսիմ Սոկոլովի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաջողությամբ զարգանում է առևտրատնտեսական գործակցությունը, գնալով ավելանում է առևտրաշրջանառությունը, ինչին նպաստել է նաև երկու երկրների՝ միևույն տնտեսական գոտում լինելու հանգամանքը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, տարեցտարի ավելանում են ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլն: Հաջողությամբ իրականացվում են նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները, ասել է Սոկոլովը:

Նիստում քննարկվել են, մասնավորապես, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամբ 2014-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, միգրացիայի, հումանիտար, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին և ծրագրերին:

Նիստի շրջանակում կայացած առանձնազրույցի ընթացքում Աբրահամյանը և Սոկոլովը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում, կողմերն անհրաժեշտ են համարել միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները:

XS
SM
MD
LG