Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը առաջարկություններ է ներկայացրել Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր հանդես է եկել Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով նախագծի կարևոր նշանակությունը գործարարների շահերի և ընդհանրապես հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Թաթոյանն իրականացրել է դրա ուսումնասիրություն: Նախագծի կոնկրետ կարգավորումների վերաբերյալ օմբուդսմենի հիմնական նկատառումները հետևյալն են.

« - Նախագծով առաջարկվում է ավելացնել 120001-1000000 ՀՀ դրամ աշխատավարձի համար նախատեսված եկամտային հարկը՝ 26-ից դարձնելով 28 տոկոս: Այսկերպ միջին աշխատավարձ ստացող անձանց համար ավելանում է եկամտային հարկը, և, արդյունքում, բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթևանում է, այլ ընդհակառակը՝ ավելանում:

- Նախագիծը սահմանում է, որ շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, ում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարը չի գերազանցել 40 մլն ՀՀ դրամը (…): Սահմանված 40 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Առաջարկում ենք վերանայել շրջանառության հարկի կիրառման Նախագծով առաջարկվող շեմի իջեցումը, քանի որ Նախագծով առաջարկվող տարբերակն, ըստ էության, հետընթաց է թե՛ գործող կարգավորումների, թե՛ մինչև 2014 թվականը գործող օրենսդրության համատեքստում:

- Նախագծի համաձայն՝ հարկային իրավախախտման համար հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային պատասխանատվության են ենթարկվում բացառապես Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված հիմքերով և կարգով: Այնինչ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա են մի շարք համանման իրավախախտումներ, որոնց դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն: Առաջարկում ենք հարկային իրավախախտման համար հարկ վճարողների կամ հարկային գործակալների հարկային պատասխանատվությունը սահմանել այնպես, որ բացառվի հարկային և վարչական պատասխանատվության ենթակա որևէ իրավասուբյեկտի՝ իր իրավական կարգավիճակով պայմանավորված հանգամանքներով կրկնակի պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում նաև կա հղումը, որով կարելի է ծանոթանալ օմբուդսմենի բոլոր առաջարկություններին ամբողջությամբ:

Հիշեցնենք, Հարկային օրենսգրքի վիճահարույց նախագիծն Ազգային ժողովը հունիսի 15-ին ընդունել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցումը տեղի կունենա խորհրդարանի աշնանային նստաշրջանում:

XS
SM
MD
LG