Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժել է Սեֆիլյանը բողոքը


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ:

Ժիրայր Սեֆիլյան, արխիվ:

Վերաքննիչ դատարանը երեկ երեկոյան դռնփակ նիստում, առանց պաշտպանական կողմի մասնակցության, մերժել է Ժիրայր Սեֆիլյանի կալանքի որոշումը չեղարկելու հայցը` չլսելով անգամ այդ բողոքը ներկայացրած փաստաբան Արա Զաքարյանին։

«Այն, որ բողոքը մերժվելու էր, մենք կասկածներ չունեինք: Այնուհանդերձ, գոնե Վերաքննիչ դատարանը ձևական առումով պետք է արտաքին ատրիբուտները պահպաներ՝ ցույց տալու, որ ինչ-որ նիստ է եղել, և այդ նիստի ընթացքում գոնե պաշտպանական կողմին հնարավորություն է տրվել արտահայտվելու, իր փաստարկները ներկայացնելու: Դրանով դատարանը ցույց տվեց, որ ընդհանրապես, պաշտպանական կողմ, ինչ ասեք-չասեք, միևնույն է, ձեր բողոքը ենթակա է մերժման», - ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով, իրավապահները տևական ժամանակ է քննչական որևէ գործողություն չեն իրականացնում՝ արհեստականորեն ձգձգելով շաբաթներ առաջ ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի գործի նախաքննությունը։ Ընդգծելով նիստին պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքը՝ պաշտպան Արա Զաքարյանը կարծում է, որ վերաքննիչ ատյանը միտումնավոր է պաշտպանական կողմի բացակայությամբ քննել բողոքը․ - «Դատարանին այս պարագայում կարևոր էր արագ տեմպով որոշում կայացնել, առավել ևս՝ առանց պաշտպանի ներկայության, որպեսզի նիստից հետո պաշտպանական կողմը չկարողանա ԶԼՄ-ներին որոշակի տեղեկություններ հայտնել նիստի ընթացքի վերաբերյալ»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին անդամակցող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի վարքագիծը ընդդիմադիր շարժման նկատմամբ քաղաքական հալածանքի տրամաբանական շարունակությունն է․ - «Դատական համակարգը ամբողջովին կախված է գործադիր իշխանությունից, այս պարագայում՝ նախագահական նստավայրից: Ակնհայտ է, որ, ինչպես նախորդ գործողությունները իրավապահ մարմինների, այնպես էլ դատարանինը պետք է բացառապես քաղաքական կնիք ու հրահանգավորում ունենար»:

«Ժառանգության» ներկայացուցիչը կարծում է, որ ժիրայր Սեֆիլյանին բանտարկել են քառօրյա պատերազմում հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքի մասին լուրը հանրությանը հասանելի դարձնելու համար։

Հաշվի առնելով Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերսկսման հնարավորությունը՝ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Հիմնադիր խորհրդարանի առաջնորդը դեռ երկար կմնա ճաղերից այն կողմ․ - «Իշխանությունների այդ ցանկությունը՝ հնարավորինս Ժիրայր Սեֆիլյանին հեռու պահել պրոցեսներից, ակնհայտ է: Եվ ինչքան կարող են, կերկարաձգեն ազատությունից զրկելու այդ գործընթացը»:

Առայժմ հայտնի չէ, թե ում ցուցմունքի հիման վրա է մեղադրանք առաջադրվել Ժիրայր Սեֆիլյանին․ Քննչական կոմիտեն միայն հայտնում է, որ ազատամարտիկից բացի, քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի, որոնցից 6-ը կալանավորված են:

Սեֆիլյանի փաստաբաններին ազատազրկվածներից միայն մեկի՝ Ներսես Պողոսյանի անունն է հայտնի: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ Պողոսյանը երբևէ առնչություն չի ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ:

XS
SM
MD
LG