Մատչելիության հղումներ

Կացնով սպանություն Երևանում, կան նաև վիրավորներ. կասկածյալը ձերբակալվել է


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հուլիսի 8-ին Կարինե Մանսուրյանի սպանության, վերջինիս ամուսնուն ու դստերը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

«Նախնական քննության տվյալներով` 2016թ. հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում, 1985թ. ծնված Վ. Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն», և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ», ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ և այլ առարկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նշված հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մարտիրոսյանը ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

XS
SM
MD
LG