Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ի միլիոնատեր նախագահի վստահեցմամբ, իր նախորդի գործունեության մեջ «արտառոց դեպք չի եղել»


Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյան

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյան

Հովհաննես Հովսեփյանի ընտանիքն էլ հարուստ է, քանի որ «Աստված է տվել»:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը վստահեցնում է՝ իր պաշտոնավարման ընթացքում, ուսումնասիրելով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գործունությունը ՊԵԿ-ի ղեկավարի պաշտոնում, չի հանդիպել «որևէ արտառոց դեպքի, որը նպաստել է Խաչատրյանի որդիների հարստացմանը»:

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների մասին «Հետք» պարբերականի հրապարակումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա ընթացք տալու համար: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից, հրաժարվելով այլ տեղեկություններ տրամադրել:

Հիշեցնենք՝ մոտ մեկ շաբաթ առաջ «Հետք»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ֆինանսների նախարարի որդիները 2010 թվականին 11 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում և այժմ այն վաճառքի են հանել 35 միլիոն դոլարով: Փաստորեն, այս հրապարակման մեջ ներկայացված փաստերը ներկայումս պետք է քննի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նախարար լինելու հանգամանքը չի նպաստել Խաչատրյանի որդիների հարստացմանը», - «Ազատության» այս հարցին ի պատասխան, ՊԵԿ-ի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր նշեց՝ «Ես գիտեմ, որ իր տղաները բիզնեսմեն են, իսկ թե դա որքանով ա նպաստել բիզնեսի շահերին, ես էդ հարցին պատասխանել չեմ կարող, որովհետև ես էն ժամանակ ՊԵԿ-ում չեմ աշխատել, տեղյակ չեմ»:

«Ազատություն». - Բայց սա լուրջ շահերի բախում չի՞ առաջացնում: Ի վերջո, հասարակությունը համադրում է ակնհայտ փաստերը՝ նախարար և նրա միլիոնատեր որդիները: Ինչպե՞ս են նրանք հարստացել, արդյո՞ք հասարակությունը չպետք է իմանա նախարարի պաշտոնի և նախարարի որդիների հարստացման միջև կապը:

Հովհաննես Հովսեփյան. - Ես միայն մի բան կարող եմ ասել՝ ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում իմ նշանակվելուց հետո, երբ արդեն սկսել եմ աշխատել, տարբեր նյութերի եմ ծանոթացել, տարբեր փաստաթղթերի եմ տիրապետել, բնականաբար, ինչ-որ ժամանակահատված հետո տիրապետում ես նաև անցածին: Ես էդ ժամանակահատվածում չեմ տեսել որևէ մի արտառոց դեպք, որը կոպիտ ձևով նպաստել է իր [Գագիկ Խաչատրյանի] տղաների հարստացմանը:

«Ազատություն». - Նորմա՞լ եք համարում, որ մի երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը շատ բարձր է (ավելի քան մեկ միլիոն աղքատներ), ունենալ այնպիսի պաշտոնյաներ, որոնց ընտանիքների անդամները միլիոնատերեր ու միլիարդատերեր են և կարող են իրենց այդօրինակ գործարքներ թույլ տալ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

Հովհաննես Հովսեփյան. - Ես ուզում եմ հարցին պատասխանել իմ մասով և չեմ ուզում պատասխանել որևէ մեկի մասով: Ես հայտարարագիր լրացրել եմ առաջին անգամ 2002 թվականին, երբ զբաղեցրել եմ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը: Ցանկացած մարդ եթե նայի իմ 2002 թվականի հայտարարագիրը, կտեսնի, որ հայտարարագրում էն ժամանակվանից 14 տարի հետո մեծ բան չի փոխվել: Եվ դա կպցնել ինձ, որ ես հարստացել եմ կամ, չգիտեմ, իմ հայտարարագրում կան մեծ գումարներ, դա փորձել համադրել իմ զբաղեցրած պաշտոնների հետ, դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:

«Ազատություն». - Ձեր պաշտոնները չե՞ն ազդել ձեր եկամուտների գոյացման վրա:

Հովհաննես Հովսեփյան. - Հիմա ուղղակի ամբողջը կամերաների տակ ա, ես փորձեմ ավելի կոռեկտ պատասխանեմ: Ամբողջ աշխարհը գիտի, թե իմ եկամուտները որտեղից են: Եթե դուք փողոցում ցանկացած մարդու մոտենաք հարցնեք, որը ճանաչում ա ինձ, իրանք ձեզ կպատասխանեն իմ եկամուտները որտեղից ա: Աստված տվել ա, որ մեր ընտանիքը հարուստ ընտանիք ա: Ես դրանով միայն հպարտ եմ:

Նկատենք՝ 2016 թվականի մարտից ՊԵԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Հովսեփյանի անունը ևս հաճախ է հայտնվում մամուլի էջերում, որպես միլիոնատեր պաշտոնյայի: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, միայն անցած 5 տարիներին Հովսեփյանը ստացել է ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն: ՊԵԿ-ի նախագահը վստահեցնում է, թե այդ միլիոններն իրեն է նվիրել Ռուսաստանում ապրող եղբայրը:

XS
SM
MD
LG