Մատչելիության հղումներ

Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու ձախողված փորձից հետո ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավարության այսօրվա նիստի ժամանակ ևս վկա ոստիկաները, ըստ պաշտպանական կողմի, հակասական ցուցմունքներ տվեցին։

Ոստիկան Լևոն Մզրոխյանը շուրջ կես տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունից միայն մեկ դրվագ էր լավ հիշում՝ թե ինչպես է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամը հարվածել իր վերադասի՝ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի աջ հոնքին, ինչից հետո ինքը Խաչատրյանին տեղափոխել է հիվանդանոց։

Մզրոխյանը շտապեց բացատրել, թե ինչու է հիշողության մեջ միայն այդ դրվագը տպավորվել․ - «Որովհետև ապշած էի մնացել, որ համազգեստով ոստիկանին կարելի է հարվածել»:

Նրա այս հայտարարությունից հետո Գևորգ Սաֆարյանի աջակիցները փռթկացին, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդմիջեց նիստը և երկու քաղաքացու հեռացրեց դահլիճից։ Դատական կարգադրիչները նրանց դուրս տարան դատարանից։

Վկա ոստիկան Մզրոխյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել ընդդիմադիր ակտիվիստի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հարցերին. չհիշեց, թե մինչև Ազատության հրապարակ գալը վերադասի կողմից արդյո՞ք հրահանգ ստացել է, որ ցուցարարներին թույլ չտան եղևնին հրապարակ բերել։ Չմտաբերեց նաև, թե տեղի ունեցածի տեսագրությունը քննիչի մոտ ցուցմունք տալու ժամանակ դիտե՞լ է, թե՞ ոչ: Չհիշեց նաև, թե միջադեպի սկզբում Գևորգ Սաֆարյանը հրապարակում եղե՞լ է, թե՞ ոչ։

Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, թե կան ակնհայտ հակասություններ վկա ոստիկանի նախաքննական և դատարանում տված ցուցմունքների միջև: Նա միջնորդեց հրապարակել ոստիկանի նախաքննական ցուցմունքները։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, թե որոշ դրվագներում իսկապես հակասություններ կան, և բավարարեց Սաֆարյանի պաշտպանի միջնորդությունը։

Պաշտպանական կողմը հակասություններ գտավ նաև մյուս վկայի՝ ոստիկան Վահագն Ղազարյանի ցուցմունքներում։ Դրանց Տիգրան Հայրապետյանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին:

XS
SM
MD
LG