Մատչելիության հղումներ

Վրաստանում գոհ են Քերրիի այցի արդյունքներից


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը գոհ է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի` երեկ Թբիլիսի կատարած պաշտոնական այցի արդյունքներից:

«Սա շատ հաջողված այց էր: Մենք շատ օգտակար երկխոսություն ծավալեցինք, և այս այցը շատ հստակ արդյունքների է հանգեցրել: Բացի այդ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այցը մեր երկրին ցուցաբերված շատ նշանակալի աջակցության ևս մեկ դրսևորում էր: Շատ կարևոր է, որ այս այցը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի՝ Վարշավայում մեկնարկող գագաթաժողովի նախօրեին: Այս այցով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ [Վաշինգտոնը] աջակցում է Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին», - նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին` հատուկ ընդգծելով, որ Ջոն Քերրիի թբիլիսյան այցի գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել պաշտպանության և անվտանգության ոլորտներին նվիրված վրաց-ամերիկյան հուշագրի ստորագրումը․ - «Պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը միտված այս հուշագիրը նոր սահմաններ է գծում, որոնց շրջանակներում հետագայում զարգանալու է մեր երկու պետությունների ռազմական համագործակցությունը: Այս հուշագրի ստորագրման շնորհիվ մենք կկարողանանք նոր պաշտպանական սպառազինություններ ձեռք բերել»:

Հուշագրի տեքստը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը իր կայքում հրապարակել է երեկ ուշ երեկոյան: Դրանից պարզ է դառնում, որ առաջիկայում Վաշինգտոնը լուրջ աջակցություն է ցուցաբերելու Վրաստանին` բանակի արդիականացման նպատակով: Մասնավորաբար, մի շարք նոր համատեղ զորավարժություններ կանցկացվեն, Միացյալ Նահանգները կաջակցի Վրաստանի ցամաքային, ծովային և օդային սահմանների ամրապնդմանը, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտում Վրաստանի կարողությունների ընդլայնմանը:

Մինչդեռ պետքարտուղար Քերրիի ուղևորությունը հետխորհրդային տարածք շարունակվում է: Այսօր կեսօրին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ղեկավարը Թբիլիսիից ժամանեց Կիև: Ուկրաինայի մայրաքաղաքում նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բանակցությունների ժամանակ Քերրին նշել է, թե ամերիկյան ղեկավարությունը հստակորեն տեսնում է, որ Կիևը անում է ամեն ինչ՝ Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու և Արևելյան Ուկրաինայում իրադրության քաղաքական հանգուցալուծմանը հասնելու նպատակով:

Քերրիի խոսքով, այժմ Վաշինգտոնը նույն ակնկալիքներն ունի նաև Մոսկվայից․ - «Եթե Ռուսաստանը ընտրի լարվածության թուլացման և Մինսկի համաձայնագրերի լիակատար իրագործման ուղին, ապա ողջ միջազգային հանրությունը կողջունի Մոսկվայի նման պահվածքը»:

Քերրին այսօր Կիևում կայացած ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Դրա հետ մեկտեղ, Միացյալ Նահանգների` Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը միայն բարոյական կամ քաղաքական չի լինի․ - «Այսօր ես տեղեկացրեցի նախագահ Պորոշենկոյին, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային շուրջ 23 միլիոն դոլարի անհապաղ հավելյալ մարդասիրական օգնություն կցուցաբերի: Այս միջոցները նախատեսված են Արևելյան Ուկրաինայում ծավալված հակամարտությունից տուժած հազարավոր մարդկանց օգնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG