Մատչելիության հղումներ

Երևանի օպերային թատրոնը հաջորդ թատերաշրջանը կբացի Շուշիում


Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաջորդ՝ 83-րդ թատերաշրջանը կբացի Արցախի Շուշի քաղաքում՝ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերայով:

Այս տարի թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունեցավ ի դեմս անվանի ամերիկահայ դիրիժոր Կոնստանդին Օրբելյանի: Նա սիրով է ընդունել թատրոնի ղեկավարության առաջարկը և առաջիկա սեպտեմբեր ամսից արդեն կներկայացնի 2017-2018 թվականի թատրոնի ստեղծագործական ծրագրերը:

Թատրոնն օրերս ավարտեց 82-րդ թատերաշրջանը, և այսօր թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը ասուլիսի էր հրավիրել լրագրողներին՝ ամփոփելու իրականացրած աշխատանքը, որը, նրա խոսքով, ավելի արդյունավետ կարող էր լինել՝ եթե չկորցնեինք Գեղամ Գրիգորյանին:

Այնուհանդերձ ծրագրածը մեկ տարվա համար կատարվել է՝ 4 օպերային բեմադրության և 4 բալետային պրեմերա: Դե իսկ հաջորդ՝ 83-րդ թատերաշրջանը թատրոնը կսկսի սեպտեմբերի 7-ին՝ օպերային նոր բեմադրության պրեմիերայով: Հայ երաժշտասերներին կներկայացվի Հարո Ստեփանյանի 1936 թվականին գրած «Սասունցի Դավիթ» օպերան, որի առաջնախաղը տեղի կունենա Շուշիում:

«Մեր պլանները, որ նախատեսել էինք 2015-16 թվականներին, 80-90 տոկոսով իրականացել է: Առաջինը, իհարկե, «Կարմեն» օպերայի պրեմիերան էր, և բավականին հաջող պրեմիերա էր: Դրանից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակումն էր՝ Գեղամ Գրիգորյանի: Շատ մեծ ծրագրեր ունեինք, ցավոք սրտի․․․ Այն ծրագրերը, որոնք ծրագրել էր Մաեստրոն, մենք բոլորս պարտք ենք համարում, որ անպայման իրականացնենք, և իրականացնում ենք»:

Արզումանյանը շատ կարևոր է համարում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հետ համատեղ իրականացվող երիտասարդների հետ աշխատանքը․ - «Դա մեզ թույլ կտա մեր երիտասարդ երգիչներին ավելի մոտիկից մենք ծանոթանանք, իրենց ծանոթացնենք օպերային թատրոնի հետ՝ ապագայում որ իրենք աշխատեն թատրոնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG