Մատչելիության հղումներ

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով ամբաստանյալներից Անի Բաբելյանի պաշտպան Կարեն Սարդարյանը նիստին չէր ներկայացել։

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը որոշեց որպես Բաբելյանի պաշտպան ներգրավել դատարան ներկայացած մեկ այլ փաստաբանի՝ Գեղամ Հակոբյանին, ապա բավարարեց վերջինիս միջնորդությունը հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով։

Դատավորը, սակայն, չտրամադրեց Հակոբյանի ակնկալած մեկամսյա ժամկետը՝ հայտարարելով, որ դատական նիստերը ձգձգելու միտում է նկատում․ - «Ես միտում եմ տեսնում Ձեր կողմից․ միտումնավոր պաշտպանը չգա, ուրիշ պաշտպան գա, որ նման միջնորդությամբ հանդես գաք: Երկրորդն էլ, Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգիրքը անկախ ծավալից տրամադրում ա 15-օրյա ժամկետ գործի նյութերին ծանոթանալու, ուստի ես Ձեզ մեկ ամիս ժամկետ չեմ տրամադրի գործի նյութերին ծանոթանալու»:

Ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի երկու մանկաբարձ-գինեկոլոգների՝ Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին։ Երկուսն էլ մեղադրվում են մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև՝ նրա նորածին երեխայի մահը:

Ըստ Քննչական կոմիտեի, դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները հրաժարվել են կնոջը հոսպիտալացնել և չեն կատարել իրենց պարտականությունները։

Մերի Մարգարյանի ընկերուհիներից պատգամավոր Նաիրա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընտանիքի հետ միասին իրենք էլ էին պատրաստվում փոքրիկ Մարիայի ծննդին․ - «Շորիկներ, օրորոց, սայլակներ, ամեն ինչ պատրաստ սպասում էինք բալիկին, և բալիկը երբ մեկ օր ապրեց, գոնե այդ հույսը մնում էր, որ գոնե բալիկին հնարավոր կլինի փրկել, բայց, ցավոք, հիվանդությունը, որի պատճառով Մերին գնաց՝ երկկողմանի թոքաբորբը փոխանցվել էր նաև բալիկին»։

Պատգամավորը դատարանից արդար վճիռ է ակնկալում․ - «Ակնկալում եմ արդարություն, ես վստահ եմ, որ կլինի արդար որոշում: Տեսնելով նոր դատավորի վճռականությունը՝ ինչ-որ էժանագին միջոցներին տեղիք չտալու և գործը անվերջ հետաձգելու միտումն ի սկզբանե կասեցնելը միմիայն ողջունում եմ, ես հավատում եմ, որ այս դատարանը այս դատավորի հետ միասին կկայացնի արդար որոշում»:

Շուշանիկ Բախշյանի ընկերուհին՝ Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանն ասաց, որ հարցը վիճելի է, և դատարանը կորոշի, թե ով է մեղավոր․ - «Ես այստեղ բժշկի սխալ չեմ տեսնում»։

Շուշանիկ Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, իսկ Անի Բաբելյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 22-ին։

XS
SM
MD
LG