Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Մերկելը քննադատել է Մոսկվայի գործողությունները 


Անգելա Մերկել, արխիվ

Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները թուլացնում են փոխադարձ վստահությունը՝ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անդամ արևելաեվրոպական երկրների հետ հարաբերություններում:

«Երբ խոսքի և գործողությունների արդյունքում կասկածի տակ է առնվում միջազգային իրավունքն ու սահմանների անձեռնմխելիությունը, վստահությունն, իհարկե, կորչում է»,- այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է Անգելա Մերկելը: Այս մեկնաբանությունները նա հնչեցրել է հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, որի գլխավոր օրակարգային հարցերից մեկն էլ Արևելյան Եվրոպայում Մոսկվայի ծավալած գործունեությունն է:

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն այժմ գնահատվում են որպես վատթարագույնը՝ սառը պատերազմի ավարտից ի վեր, ինչը կապված է 2014 թվականին Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքում Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների հետ: ԳՖՀ խորհրդարանում ունեցած ելույթում կանցլեր Անգելա Մերկելը նաև հայտարարել է՝ ստեղծված իրավիճակում Լեհաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ բալթյան պետություններն իրենց դաշնակիցների կողմից անվտանգության ապահովման «հստակ հավաստիացման» կարիքն ունեն:

Մերկելն, այդուհանդերձ, ընդգծել է, թե Արևմուտքը պետք է շարունակի Ռուսաստանի հետ երկխոսությունը։

XS
SM
MD
LG