Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանն արդեն «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում է


Հենրիխ Մխիթարյանը Իտալիա - Հայաստան խաղում, Նեապոլ, 15-ը հոկտեմբերի, 2013թ.

Հենրիխ Մխիթարյանը Իտալիա - Հայաստան խաղում, Նեապոլ, 15-ը հոկտեմբերի, 2013թ.

«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատեց դորթմունդյան «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրելով ֆուտբոլիստի լուսանկարը։ «Մենք հաստատում ենք` Մխիթարյանը կարմիր է», - հայտարարում է անգլիական ակումբը։

«Երազանքներն իրականանում են։ Ես հպարտ եմ, որ միացել եմ «Մանչեսթր Յունայթեդ»-ին` ակումբ, որի հզոր պատմությամբ և զարմանալի երկրպագուներով ես միշտ հիացել եմ։ Անհամբերությամբ եմ սպասում նոր մարզչի և թիմի նոր ընկերներիս հետ աշխատելուն», - ֆեյսբուքյան իր էջում գրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքանի ավագ, արդեն «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հրապարակելով տեսանյութ հետևյալ գրառմամբ. - «Նախ լսենք, թե ինչպես եք արտաբերում իմ անունը»։

«Մանչեսթր Յունայթեդ»-ը հայաստանցի 27-ամյա ֆուտբոլիստին «Բորուսիա»-ից տեղափոխելու համար, France-Presse-ի տվյալներով, 46 միլիոն 800 հազար դոլար է վճարել։ Միջազգային գործակալությունների տվյալներով՝ Մխիթարյանն այդ գործարքից աննախադեպ բոնուս կստանա՝ 8 միլիոն եվրո, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12.5 միլիոն եվրո:

Այսպիսով, 27-ամյա Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածաշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախկինում այդ տիտղոսը կրում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ով 2006 թվականին իտալական «Միլան»-ից անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 միլիոն եվրոյի դիմաց:

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն, մեկնաբանելով Մխիթարյանի տեղափոխումը, խոստովանել է. - «Չէինք սպասում նման առաջարկ Մխիթարյանի համար: Նա մեկ տարի անց ազատ խաղացողի կարգավիճակում էր լինելու»:

Վացկեն պատմել է, որ մինչ Մխիթարյանի տեղափոխությունը խոսել էր նրա հետ, համոզված էր, որ ֆուտբոլիստը չէր լքի գերմանական ակումբը, որտեղ երեք տարի էր անցկացրել։ «Բայց սխալ տպավորությում եմ կազմել իր ծրագրերի մասին: Կարծում էի՝ նա կմնա «Բորուսիա»-ում, բացառում էի նրա տեղափոխությունը մեկ այլ ակումբ», - ասել է «Բորուսիա»-ի ղեկավարը:

«Մանչեսթր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, սակայն, վստահ է՝ Մխիթարյանը նոր լիցք է հաղորդելու անգլիական ակումբին: «Ինձ ամենաշատը նրա մեջ դուր է գալիս, և դա անհերքելի է, խփած գոլերի քանակը, որոնք նա հեղինակել է՝ չլինելով հարձակվող: Մրցաշրջանի ընթացքում կիսապաշտպանի կողմից խփված այդքան գոլերը իրոք շատ մեծ ցուցանիշ են», - ասել է աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկը վերջերս գլխավորած պորտուգալացի հայտնի մարզիչը՝ շարունակելով. - «Մխիթարյանի կատարած գոլային փոխանցումների թիվը վկայում է նրա երևակայական մոտեցման մասին, թիմային մոտեցման մասին, այդ ամենը մեր պես ակումբի համար շատ կարևոր է»:

Մոուրինյոն վստահություն է հայտնել, որ Մխիթարյանի խաղաոճը փոխելու է խաղի ընթացքը հատկապես այնպիսի թիմերի հետ հանդիպումների ժամանակ, որոնք հայտնի են իրենց պաշտպանողական ոճով։ «Նման պահերին Հենրիխը կարող է արագացնել հանդիպման տեմպը: Նա կարող է փոխել իր արագությունը, անկախ նրանից՝ գնդակով է, թե՝ ոչ: Դա նույնպես շատ կարևոր է մեզ համար», - բացատրել է մարզիչը։

«Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Դենի Հիգինբոթամը, Sky Sports-ին տված հարցազրույցում խոսելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին ձեռքբերումների մասին, ընդգծել է մասնավորապես Մխիթարյանի տեղափոխության փաստը։ «Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակման գծին կտա այն, ինչն այդ թիմին պակասում էր բավականին երկար ժամանակ։ Նա շատ խելացի է, կարող է փոխանցումներով մատակարարել թիմակիցներին, նրա փոխանցումների մշակույթը հրաշալի է», - ասել է Հիգինբոթամը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» էր տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր»-ից 2013 թվականին: Այս ընթացքում Մխիթարյանը «մեղուների» կազմում մասնակցել է 140 հանդիպման և դարձել 41 գոլի հեղինակ: Մխիթարյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի պատմության ընթացքում լավագույն ռմբարկուն է՝ 59 խաղում խփած 19 գնդակով։

XS
SM
MD
LG