Մատչելիության հղումներ

Զեկույց․ Մեծ Բրիտանիան Իրաքյան պատերազմին մասնակցել է առանց բավարար հիմքի


Մեծ Բրիտանիա - Սըր Ջոն Չիլքոթը (աջից) ներկայացնում է իր ղեկավարած հանձնախմբի զեկույցը, Լոնդոն, 6-ը հուլիսի, 2016թ․
Մեծ Բրիտանիա - Սըր Ջոն Չիլքոթը (աջից) ներկայացնում է իր ղեկավարած հանձնախմբի զեկույցը, Լոնդոն, 6-ը հուլիսի, 2016թ․

Իրաք ներխուժումից 13 տարի անց Լոնդոնում պաշտոնապես խոստովանում են, որ բրիտանական զորքերը Մերձավոր Արևելք էին ուղարկվել առանց բավարար հիմքի: Յոթ տարի շարունակված աշխատանքից հետո նման հետևությունների է հանգել սըր Ջոն Չիլքոթի ղեկավարած հետաքննական հանձնախումբը:

Չիլքոթին Իրաքյան պատերազմին Մեծ Բրիտանիայի մասնակցության օրինականության հարցը հետաքննել հանձնարարել էր դեռ նախկին վարչապետ Գորդոն Բրաունը: Երեկ արդեն Չիլքոթը ներկայացրեց իր ծավալուն զեկույցը` նշելով, որ բրիտանական ստորաբաժանումներն Իրաք ուղարկելու մասին որոշման ընդունումը ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով:

«Այսօր հստակ է, որ Իրաքի հանդեպ քաղաքականությունը հիմնվում էր ոչ բավարար հետախուզական տվյալների և գնահատականների վրա: Այդ տվյալներին հարկավոր էր շատ ավելի մեծ վերապահումներով վերաբերվել, սակայն դա չի արվել», - նշում էր Չիլքոթը:

Նրա ղեկավարած հանձնաժողովի եզրակացության համաձայն` «հետախուզությունը չուներ վերջնական և հիմնավոր տեղեկություններ առ այն, որ Սադամ Հուսեյնի վարչակազմը շարունակում է քիմիական և կենսաբանական զենքի արտադրել»:

«Մեր եզրակացության համաձայն, Միացյալ Թագավորությունը որոշեց մասնակցել ներխուժմանը Իրաք` մինչև կսպառվեին [այդ երկրի] զինաթափման բոլոր խաղաղ տարբերակները: Ռազմական լուծումը այդ ժամանակաշրջանում առկա միակ հավանական տարբերակը չէր», - նշում էր հետաքննողների խմբի ղեկավարը:

Չիլքոթի հանձնաժողովի եզրակացությունների հիմնական հասցեատերը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրն է: Բրիտանացի հետաքննողներին հաջողվել է պարզել, որ Իրաքյան պատերազմի մեկնարկից դեռ ամիսներ առաջ` 2002-ի հուլիսին Բլեյրը ուղերձ էր հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին` նշելով, որ ցանկացած պարագայում կաջակցի նրա վարած քաղաքականությանը:

«Բրիտանիայի կառավարությունը չհասավ այն նպատակներին, որոնք հետապնդում էր: Փոխարենը, 2003-2009 թվականներին Իրաքում ավելի քան 200 բրիտանացի զինվորականներ և առնվազն 150 հազար խաղաղ իրաքցիներ զոհվեցին», - հայտարարեց Ջոն Չիլքոթը:

Նախկին վարչապետ Բլեյրը հնչած մեղադրանքներին հակադարձեց բավական արագորեն` Լոնդոնում մամուլի մեծ ասուլիս հրավիրելով:

«Իրաքյան պատերազմում ներգրավվելու և Սադամ Հուսեյնին իշխանությունից հեռացնելու որոշումն իմ տասնամյա վարչապետության ընթացքում կայացրած վճիռներից ամենադժվարինն էր: Բայց այդ որոշումը ես եմ կայացրել, ես եմ կրում այդ որոշման ողջ պատասխանատվությունը և պատրաստ եմ այժմ էլ պաշտպանել այն», - հայտարարում էր Թոնի Բլեյրը:

Գործող վարչապետ Դեյվիդ Քեմերոնի համոզմամբ էլ՝ Մեծ Բրիտանիան պետք հստակ հետևություններ անի Իրաքյան պատերազմից:

«Ես համոզված եմ, որ մենք դասեր ունենք քաղելու և պետք է շարունակենք դա անել: Նախ և առաջ, երկրի ներգրավումը պատերազմում պետք է լինի այն վերջին տարբերակը, որին դիմում են, երբ բոլոր մյուս հնարավորությունները սպառված են», - նշում է Քեմերոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG