Մատչելիության հղումներ

«Հին Երևան» նախագծի շրջանակներում սկսվել են հողային աշխատանքները


Նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը հույս ունի, որ մինչև շաբաթավերջ քաղաքապետարանը կտա շինարարության թույլտվությունը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հին Երևանի քանդված պատմամշակութային շենքերը վերականգնել Աբովյան - Բուզանդ - Արամի - Կողբացի փողոցների հատվածում:

«Առաջին լոտի նախագիծը կհամաձայնեցվի քաղաքապետարանի հետ, կստանանք շինթույլտվություն և արագ տեմպերով կսկսվի առաջին լոտի շինարարությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Տասը տարի ի վեր նախագիծը բուռն քննարկումների պատճառ է: Այս ընթացքում տասնյակ հուշարձանններ քանդվեցին, դրանց փոխարեն այսօր հյուրանոցներ ու էլիտար շենքեր են կառուցվում:

Նախագծի հեղինակը շարունակում է պնդել, որ սա միակ ճանապարհն է պատմամշակութային այս շենքերը վերջանականապես չկորցնելու համար, իսկ նախագիծը քննադատողներին հակադարձում է․ - «Պատկերացրեք, մեկին պատվիրել են, օպերա ա գրում, ու մի քանի մասնագետներ, որոնք ավարտել են կոնսերվատորիա, ընդամենը ունեն դիպլոմ, կյանքում նույնիսկ երաժշտության փոքրիկ բան չեն գրել, ու հանկարծակի սկսել են քննարկել, որ էդ կոմպոզիտորը, որ էդ օպերան գրում ա, լավ ա՞, թե՞ լավ չի․․․ Ես էդ հարցադրումը չեմ հասկանում: Ես հեղինակն եմ համալիրի․․․ համալիրը նախագծում եմ էնպես, ինչպես պատկերացնում եմ՝ բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան: Իսկ մնացածը՝ այդ խոսացողները ինձ քիչ են հետաքրքրում»:

Երկու տարի առաջ «Ազատության» տեսախցիկն արձանագրել էր, թե ինչ անմխիթարական վիճակում են գտնվում քանդված հուշարձանների արժեքավոր քարերն ու բեկորները: Վարդանյանն այս կապակցությամբ ասաց, թե Աֆրիկյանների շենքի քարերի ապամոնտաժմանն է միայն մասնակցել, և վստահեցրեց, որ դրանք վնասված չեն: Ինչ վերաբեորւմ է Արամի, Պուշկինի, Բուզանդի փողոցների հուշարձանների բեկորներին, ցավով նշեց, որ դրանք պետք է փոխարինվեն նորերով:

Քիչ չեն կարծիքները, թե «Հին Երևան» նախագիծը պատմությունը պահպանելու իմիտացիա է: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահ է, որ առանց միջավայր պահպանելու ոչ մի Հին Երևան էլ չի ծնվի․ - «Որովհետև մենք մի տեսակ կորցրեցինք էդ պատմությունը: Հիմա մենք ուզում ենք վերստեղծենք, բայց երբեք չի կարելի հետագա սերունդներին ասել, որ էս, որ մենք ունենք, էդ հին Երևանը այսպիսին էր: Որովհետև մենք ի սկզբանե մարդկանց խաբում ենք: Չի կարելի»:

«Ստեղծելով մի բան՝ ջարդում են ավելի մեծ արժեք՝ Թամանյանի գլխավոր հատակագիծը», - հայտարարեց Մինասյանը՝ պնդելով, թե սխալ է ընտրված նաև Հին Երևանի կառուցման վայրը:

Մինասյանն ընդունում է, որ այստեղ նաև խնդիր կա ներդրողների հետ, քանի որ ի սկզբանե Հայաստանում սխալ մշակույթ է ձևավորվել նրանց հետ աշխատանքում․ - «Ինվեստորների ձեռքը, այսպես ասած, պատանդ ենք․․․ Նա անպայման ուզում ա քաղաքի կենտրոնում․․․ Մենք էնքան քաղաքում տարածքներ ունենք, որոնք հիմա մոխրանում են արդեն»:

Համաձայն կառավարության սահմանած ժամկետի, «Հին Երևան» ծրագիրը պետք է ավարտին հասցվի հինգ տարվա ընթացքում։ Մեկ տարին արդեն անցել է, և հեղինակն անհանգստանում է, որ կառուցումն ուշանում է, իսկ տարածքը դեռ ամբողջովին չի իրացվել․ այստեղ դեռ մարդիկ են ապրում:

Բուզանդի 38 հասցեում ապրող տիկին Նաիրան պատմեց, որ իր նախնիները դեռ 1890-ականներին են այս տունը կառուցել: Հասկանում է, որ բողոքելն անիմաստ է, միևնույն է քանդվելու է․ - «Ես մեր պետության վրա երբեք հույս չեմ դրել»:

«Ազատություն»-ը հարցում է ուղարկել Քաղաքաշինության նախարարություն և Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե երբ են ավարտվելու իրացման աշխատանքերը, և արդյոք հնարավոր կլինի շինարարությունը սկսել նախքան այդ գործընթացի ավարտը: Օրվա ավարտին դեռ պատասխան չէինք ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG