Մատչելիության հղումներ

Հրազդան գետում կրկին ձկների զանգվածային անկում է արձանագրվել


Բնապահպաններն անհանգստացած են՝ 2010 թվականից տարեկան մեկ կամ մի քանի անգամ նման դեպքեր են գրանցվում։

Հրազդան գետի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում հուլիսի 3-ին զանգվածաբար ձկներ են ոչնչացել։

Բնապահպաններն անհանգստացած են՝ 2010 թվականից տարեկան մեկ կամ մի քանի անգամ նման դեպքեր են գրանցվում։ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը թվարկում է․ 2014-ին ձկների զանգվածային անկումը բացատրվեց հոսանքահարմամբ կամ պայթեցմամբ, 2013-ին Հրազդանում ձկների անկման դեպքի առթիվ ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմեց ոստիկանություն, սակայն գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Գետում ձկների անկման դեպքեր գրանցվեցին նաև 2012 և 2010 թվականներին: Ընդ որում 2010-ին որպես ձկների անկման հնարավոր պատճառ նշվեց գետում ակտիվ քլորի առկայությունը:

«Տարբեր պատճառներ կարող են լինել, բայց դուք ամեն անգամ ստանում եք այդպիսի զանգվածային անկման ահազանգեր: Իմ կարծիքով, ստեղ ոչ միայն որսագողությունն է: Մենք ունենք ինչ-որ մի աղբյուր, որը թունավորում է ձկներին: Եվ միայն ձկների պահը չէ․ դա Հրազդան գետի ընդհանուր վիճակն է: Ստացվում է, որ մենք այդ հիմնական գետը թողնում ենք առանց վերահսկողության»:

Պատճառների մասին որևէ հստակ տեղեկություն չունենալը, «Էկոլուր»-ի նախագահի կարծիքով, գլխավոր խնդիրն է։ Նա բողոքում է, որ վեց տարի շարունակ Բնապահպանության և Առողջապահության նախարարությունները չեն կարողանում լուծել այս խնդիրը․ - «Նույն Հրազդան գետում 17 օբյեկտ կա շատ փոքր տարածքի վրա․ մոտավորապես 500-600 մետր տարածքի վրա մենք ունենք օբյեկտներ, որոնք ոչ մի մաքրման բան չունեն, ուղղակի լրիվ թափոնները լցվում են Հրազդան գետը: Այստեղ վտանգը ես տեսնում եմ նրանում, որ մենք չգիտենք, թե դա ինչ աղտոտվածություն է»:

Վարդավառի տոնին գետի ափին հանգստացող քաղաքացիները ձկների զանգվածային անկման դեպքի մասին առաջինն ահազանգել են Համահայկական բնապահպանական ճակատին։ Ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը նկարահանել է կատարվածը։ Սակայն, ահազանգողների հավաստմամբ, ձկների քանակը շատ ավելի մեծ է եղել․ մինչև բնապահպանների գալը գետի հոսքը մեծ մասը քշել է։

«Այդ հատվածներում կան բազմաթիվ արտադրական ձեռնարկություններ, որոնք, համոզված ենք, որ կատարում են արտանետումներ Հրազդան գետ, որոնք, նույնպես համոզված ենք, չեն վերահսկվում ընդհանրապես», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Գալստյանը:

Բնապահպանության նախարարությունից տեղեկացրին, որ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ահազանգի հետքով եղել են դեպքի վայրում, իրականացրել ջրի և ձկան նմուշառում՝ ուղարկելով հետազոտության։ Պարզաբանում կներկայացնեն միայն արդյունքները ստանալուց հետո։

Բնապահպանները, սակայն, այս դեպքում ևս բացահայտումներ չեն ակնկալում։ «Ըստ էության, ոչ մեկը չի պատժվում, բացի հատուկենտ դեպքերից, երբ որ ինչ-որ մի մարդ են գտնում կամ մի քանի հոգի, ի ցույց են դնում, որ՝ տեսեք, պատժեցինք այս մարդկանց․․․ Իրականում փոփոխություն դժվար է ակնկալել, որովհետև երբ որ ամեն ինչ անպատժելի է և անվերահսկելի է, այս ձև խնդիրները և ավելի բարդ խնդիրները միշտ մենք տեսնելու ենք», - ասաց Գալստյանը:

XS
SM
MD
LG