Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան»-ն այս տարի կբացվի Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ


«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանն ընդառաջ հրավիրված ասուլիսի բանախոսները:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանն ընդառաջ հրավիրված ասուլիսի բանախոսները:

Առաջիկա կիրակի՝ հուլիսի 10-ին, «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի հրապարակից կսկսվի «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ:

«Զարե» ֆիլմը, որի 90-ամյակը մենք տոնում ենք այս տարի, 1926 թվին նկարված համր հայկական ֆիլմ է, առաջին ֆիլմը երբևիցե նկարված քրդական թեմաներով: Դրանով մենք ուզում ենք և՛ կոնտեքստը տանք, այսօրվա անդրադարձ այդ թեմաների․․․ մյուս կողմից, ասենք, որ հայկական մշակույթը միշտ աչալուրջ է եղել բոլոր այդ թեմաներին, և առաջին անգամ կինեմատոգրաֆիստների միջոցով քրդական թեման և սյուժեն բարձրացավ էկրաններ: Դա շատ կարևոր է», - այսօր հրավիրված ասուլիսին ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Սուսաննա Հարությունյանը՝ հավելելով․ - «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ լավագույն ծրագիր ենք փորձել ներկայացնել ձեզ: Հանդիպենք արդեն կինոփառատոնի բացմանը»:

Հարությունյանը շեշտեց նաև, որ «Ոսկե Ծիրան»-ի հիմնադրումից ի վեր իրենք շատ արդյունավետ են համագործակցել Հայաստանում գործող ամենատարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնց ակտիվ օժանդակությամբ էլ հնարավոր է դարձել փառատոնի օրերին ցուցադրել ամենատարբեր երկրների լավագույն ֆիլմերը։

Ասուլիսին ներկա էր Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա շեշտեց, որ այս տարի ևս շարունակվում է «Ոսկե Ծիրան»-ի համագործակցությունը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ, և այդ համագործակցության արդյունքում այս տարվա փառատոնի ընթացքում կիրականացվի «Գերմանական կինոյի օր» ծրագիրը: Այդ օրը կցուցադրվեն գերմանական վերջին շրջանի լավագույն ֆիլմերը՝ այդ թվում և Բեռլինի հանրահայտ կինոփառատոնին ներկայացված Աննա Զոհրա Բերախեդի «24 շաբաթ»-ը:

ՀՀ ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆեյը, ով նույնպես ներկա էր ասուլիսին, նշեց, որ այս տարի ֆրանսիացիները կներկայանան «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում կցուցադրվեն վերջին երկու տարիներին նկարահանված ֆրանսիական ֆիլմեր՝ ֆրանսիական լավագույն դերասանների մասնակցությամբ:

«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում այս տարի կանցկացվի նաև «Լեհական կինոյի օր», կցուցադրվեն վերջին տարիներին նկարահանված ռուսաստանյան ֆիլմեր:

Ամենաուշագրավ ծրագրերից մեկը նախապատրաստվել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ: Այս տարի ողջ աշխարհը նշում է Մեծն Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցը, և այս կապակցությամբ «Ոսկե Ծիրան»-ի ընթացքում մի ամբողջ շաբաթ հայաստանցի հանդիսատեսը կարող է դիտել տարբեր տարիներին աշխարհի տարբեր երկրներում Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ամենահանրահայտ ֆիլմերը:

XS
SM
MD
LG