Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարարը չի հստակեցնում, թե արդյոք աջակցում է իր որդիների բիզնեսին


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, արխիվ:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, արխիվ:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը չի մանրամասնում, թե իր որդիները ինչպես են կարողացել ձեռք բերել միլիոնավոր դոլարների արժեք ունեցող անշարժ գույք:

Շուրջ ութ տարի Հայաստանի մաքսային ու հարկային ծառայությունները ղեկավարած Խաչատրյանը նաև հրաժարվում է պատասխանել, թե արդյոք աջակցել է իր որդիների բիզնես գործունեությանը և նշված գույքի ձեռքբերմանը:

Մոտ մեկ շաբաթ առաջ «Հետք» պարբերականը տեղեկություն հրապարակեց, ըստ որի Ֆինանսների նախարարի որդիները՝ Գուրգենը և Արտյոմը, 2010 թվականին «շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում»՝ 11 միլիոն դոլարով և այժմ այն վաճառքի են հանել 35 միլիոն դոլարով:

«Ազատությունը» հարցում էր ուղարկել նախարար Գագիկ Խաչատրյանին՝ խնդրելով ներկայացնել, թե նրա որդիները ինչ միջոցներով են գնել նշված տունը, արդյո՞ք ինքն աջակցում է իր որդիների բիզնեսին կամ օգնել է ձեռք բերել նշված գույքը:

«Իմ որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները հանդիսանում են չափահաս քաղաքացիներ և ինքնուրույն են վարում ինչպես իրենց անձնական կյանքը, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեությունը: Բնականաբար, ինձ հայտնի են որոշակի մանրամասներ որդիներիս կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության մասին, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ պարտավոր է հարգել ուրիշի անձնական կյանքը և ձեռնպահ մնալ խնդրո առարկային վերաբերող տեղեկատվության հրապարակայնացումից, անգամ եթե դա վերաբերում է իր զավակներին», - արձագանքել է Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնա «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ որևէ մեկնաբանությունից, թեև «հրապարակված տեղեկատվությունը 2010 թվականից տարբեր պաշտոնական կայքերի միջոցով հասանելի է ցանկացած անձի ու որևէ բացահայտում իր մեջ չի պարունակում»:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Ֆինանսների նախարարը ասել էր, թե իր որդիները վարկային միջոցներով են ձեռք բերել այդ գույքը՝ դարձյալ առանց մանրամասներ նշելու:

Անցած օրերի ընթացքում «Ազատությունը» փորձեց ճշտել Գագիկ Խաչատրյանի գործընկերներից՝ կառավարության անդամներից, թե բիզնեսը իշխանությունից տարանջատելու, կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության հերթական նախաձեռնությունների ֆոնին ինչպես են վերաբերվում Ֆինանսների նախարարի հետ կապված այս հրապարակմանը:

«Չեմ հասցրել լրատվությանը ծանոթանամ: Կծանոթանամ՝ կարծիքս կհայտնեմ», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Գագիկ Խաչատրյանը երկու քայլ այն կողմ աշխատում է, Դուք կարող եք իրեն դիմել: Նույն բանն է, որ ես Ձեզ հարցնեմ, օրինակ, լրագրողները որ ձերբակալվում են գումար վերցնելու պատճառով, Դուք լրագրողներդ ի՞նչ պայքար եք տանում կոռուպցիոն լրագրողների դեմ», - հակադարձեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նույնպես նշեց, թե ոչինչ չի կարող ասել․ - «Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է տրվեր իրեն»:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց․ - «Նախ, ես տեղյակ չեմ այդ հրապարակման մասին: Երկրորդը, կրթությանը չի վերաբերում այդ հարցը․․․ Արդյո՞ք ցանկացած անշարժ գույք ձեռք բերելը կոռուպցիոն փաստ է․․․ Երբ որ հստակեցվի, նոր կխոսենք: Եթե չեմ սխալվում, նրանք բիզնեսմեն են»:

«Ազատությունը» հարցում է ուղարկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ արդյո՞ք Ֆինանսների նախարարի որդիների կողմից նման ձեռքբերումը շահերի բախման դեպք չէ: Պատասխան դեռ չունենք:

Նախագահի և վարչապետի վերահսկողական ծառայություններից «Ազատության» հարցումներին արձագանքել են, թե նշված դեպքի ուսումնասիրությունը իրենց իրավասության տիրույթում չէ:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով, և՛ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, և՛ վերահսկողական ծառայությունները պետք է առնվազն ուսումնասիրեն, թե ինչպես է ստացվել, որ գրեթե մեկ տասնամյակ Հայաստանի մաքսային ու հարկային ծառայությունները ղեկավարած անձի որդիները կարողանում են միլիոնավոր դոլարների գնումներ կատարել արտերկրում․ - «Օրինակ, այս դեպքում, երբ որ ակնհայտորեն բացահայտվել է որդու կողմից նման գործարք, ապա Էթիկայի հանձնաժողովը պետք է որ ընթացք տար այդ գործին և փորձեր բացահայտեր, կամ այդ գործը հանձներ համապատասխան իրավապահ մարմիններին, որոնք կփորձեին բացահայտել այդ աղբյուրների օրինականությունը: Մենք տեղյակ չենք՝ վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Բայց ենթադրում ենք, որ ոչ, որովհետև երբևիցե Էթիկայի հանձնաժողովը իր նախաձեռնությամբ նմանատիպ լուրերին ընթացք չի տվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG