Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեռ առնվազն երեք տարի կծախսի խնայողություններն ու պարտքեր կվերցնի


Ռուսաստան - Մայրաքաղաք Մոսկվայի խանութներից մեկում, արխիվ
Ռուսաստան - Մայրաքաղաք Մոսկվայի խանութներից մեկում, արխիվ

Ռուսաստանը պատրաստվում է հաջորդ տարի օգտագործել ոչ միայն իր պահուստային ֆոնդում մնացած ողջ գումարը, այլև ծախսել Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները՝ բյուջեի պակասորդը ծածկելու համար, հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը մանրամասներ է ներկայացնում ֆինանսների նախարարության իր աղբյուրներից ստացած պաշտոնական փաստաթղթերից, որոնց համաձայն, առաջիկա երեք տարիներին Կրեմլը կշարունակի տնտեսական ճգնաժամը հաղթահարել խնայողությունների ու պարտք վերցնելու հաշվին:

Ղրիմի բռնակցումից հետո արևմտյան տնտեսական պատժամիջոցների առջև կանգնած Ռուսաստանն արդեն երկու տարի է ծախսում է հիմնականում նավթի վաճառքից կուտակած պահուստային ֆոնդը, որը վերջին մեկ տարում արդեն կրճատվել է կիսով չափ:

«Եթե ամեն ինչ շարունակվի իշխանությունների կանխատեսած սցենարով, մոտ ապագայում շատ քիչ բան կմնա նաև Ազգային բարեկեցության հիմնադրամից», - հաղորդում է Reuters-ը՝ փաստելով՝ ակնկալվում է, որ առաջիկա երեք տարիներին հիմնադրամում առկա մոտ հինգ տրիլիոն ռուբլուց կմնա երեքը:

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակավ առաջարկել է էապես կրճատել հաջորդ տարվա պետական ծախսերը: Նախատեսվում է, որ այս հարցը քննարկման կդրվի վաղը՝ կառավարության նիստում: Ընդ որում, բյուջեի նվազմանը զուգընթաց՝ գները շարունակում են շեշտակի բարձրանալ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին մեկ տարում Ռուսաստանում գնաճը կազմել է 7.5 տոկոս, թանկացել են հատկապես դիզվառելիքը, տրանսպորտն ու դեղորայքը՝ շարքային ռուսաստանցիներին հիշեցնելով վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտնի խոսքերը՝ «գումար չկա, բայց դուք դիմացեք... լավ տրամադրություն եմ մաղթում»:

Հաշվի առնելով երկրի տնտեսական զարգացման տեմպերն ու հնարավորությունները՝ փորձագետները պնդում են՝ Մեդվեդևը առաջիկայում ստիպված կլինի հաճախ դիմել ռուսաստանցիներին այս կոչով, որն ի դեպ, դարձել է ռուսական համացանցի հիթերից մեկը։ Օգտատերերից մեկն, օրինակ, վարչապետին ի պատասխան, հրապարակել է կոմունալ ծախսերի չվճարված անդորրագիրը՝ մակագրելով՝ «գումար չկա, դո՛ւք դիմացեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG