Մատչելիության հղումներ

Քերրին այցելում է Վրաստան


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի պաշտոնական այցը Վրաստան կմեկնարկի մի քանի ժամից: Օրվա ընթացքում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կհանդիպի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և վրացական ընդդիմության առաջնորդների հետ:

Բացի այդ, մի քանի ժամից Թբիլիսիում կմեկնարկի Ռազմավարական համագործակցության վրաց-ամերիկյան հանձնաժողովի հերթական նիստը: Պետքարտուղար Քերրին երկկողմ հարաբերությունները համակարգող այս կառույցի համանախագահներից մեկն է:

«Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ Թբիլիսիում կայանալիք բանակցությունների ընթացքում Քերրին մի շարք հարցեր է քննարկելու, այդ թվում՝ հոկտեմբերին կայանալիք ընտրությունների անխափան անցկացումը, ինչպես նաև Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին վերաբերող հարցերը», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը զետեղված է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանության կայքում:

Հարկ է նկատել, որ Թբիլիսին կլինի Ջոն Քերրիի միակ հարավկովկասյան կանգառը: Ոչ Հայաստան և ոչ էլ Ադրբեջան Պետդեպարտամենտի ղեկավարն այս անգամ չի այցելի: Թբիլիսիից նա կուղևորվի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահի և վարչապետի հետ: Կիևից արդեն Քերրին կմեկնի Վարշավա, որտեղ հուլիսի 8-ին մեկնարկելու է Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը:

Հարկ է նկատել, որ ոչ Վրաստանը և ոչ էլ Ուկրաինան Վարշավայի համաժողովից մեծ սպասելիքներ չունեն: Ուկրաինային, ըստ ամենայնի, առաջարկվելու է համագործակցության ընդլայնված մի փաթեթ, որի մեջ զգալի մաս կկազմեն արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող երկկողմ ծրագրերը: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Վրաստանը ևս, դատելով վերջին տեղեկություններից, դաշինքի անդամակցությանը նախորդող գործողությունների պլան` MAP, Վարշավայում չի ստանա: «Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը ընդհանրապես Վարշավայի համաժողովի օրակարգում չէ», - նշում են վրացական աղբյուրները:

«Մեր ակնկալիքն է, որ Վարշավայից վերադառնանք որպես ավելի անվտանգ պետության ներկայացուցիչներ: Մենք ձգտում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ հենց այդ պատճառով` ցանկանալով բարձրացնել Վրաստանի անվտանգության մակարդակը: Այնուհանդերձ, անդամակցության հարցի լուծման սպասելիքներ Վարշավայի համաժողովից չունենք», - երեքշաբթի օրը հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG