Մատչելիության հղումներ

Էրդողան․ Թուրքիան շարունակելու է վճռական պայքար մղել ահաբեկչության դեմ


«Թուրքիան շարունակելու է վճռական պայքար մղել ահաբեկչության դեմ` ոստիկանության, բանակի և անվտանգության ուժերի աջակցությամբ», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

Շնորհավորելով իսլամական աշխարհին Ռամազանի՝ մահմեդական պահքի ավարտի կապակցությամբ, Էրդողանը ցավով է փաստել, որ Թուրքիան տոնական օրերը նշում է ահաբեկչության դեմ պայքարի մթնոլորտում:

Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև անցած երեքշաբթի Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքին:

«Ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 30-ի: Այս անձանց միջոցով մենք կարող ենք կարևոր և հստակ հետևություններ անել: Ինչպես տեսնում եք, ձերբակալվածները Դաղստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից են: Ցավոք, գործ ունենք հարևան Հյուսիսային Կովկասի երկրների քաղաքացիների հետ», - հայտարարել է Էրդողանը` նշելով, որ ահաբեկչությունը «Իսլամական պետություն» խմբավորման անդամների ձեռքի գործն է:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս տոնական իր ուղերձում ընդգծել է ահաբեկչության դեմ միասնաբար պայքարելու անհրաժեշտությունը:

«Ահաբեկչությունը չունի կրոն, ազգություն, սրբություն: Հետևաբար, սա ոչ միայն Թուրքիայի, այլ մարդկության պայքարն է, համաշխարհային խնդիր, որի դեմ անհրաժեշտ է համատեղ պայքար տանել», - հայտարարել է Յըլդըրըմը` ընդգծելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ահաբեկչության հարցը Թուրքիայի օրակարգում ամենավերջին տեղում լինի:

Ստամբուլի միջազգային օդանավակայանում 45 մարդու կյանք խլած արյունալի ահաբեկչության գործով թուրքական ոստիկանությունը 30 հոգու է ձերբակալել, որոնց կեսը օտարերկրյա քաղաքացիներ են: Ենթադրվում է, որ վերջիններս հանդիսանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չեչեն-դաղստանյան թևի անդամներ:

Տեղի ունեցած ողբերգությունից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ուժեղացրել է հսկողությունը երկրի խոշոր քաղաքների օդանավակայաններում և կարևոր տրանսպորտային հանգույցներում:

XS
SM
MD
LG