Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի երեք համայնքների բնակիչներն այսօր փակել էին Գյումրի տանող ճանապարհը


Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ ու Կապս գյուղերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել էին Գյումրի տանող ճանապարհը:

Երեկ տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել այդ համայնքներին, ու բերքը կորցրած գյուղացիները, ճանապարհ փակելով, ցանկանում էին պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

Մոտ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց և մարզային իշխանության ներկայացուցիչների ու ոստիկանների հետ բանակցություններից հետո, գյուղացիները բացեցին ճանապարհը:

Այդուհանդերձ, կրքերը չէին հանդարտվում, ու գյուղացիները տարածքում գտնվող պաշտոնյաների հետ վեճի էին բռնվում՝ պահանջելով հակակարկտային կայաններ տեղադրել:

«Երեկ ես դաշտում էի, կարտոֆիլի բուկն էի լցնում, կարկուտն եկավ, սաղ ջարդեց, լցրեց գետնին։ Եթե չփակեինք, ոչ մեկը չէր գա, տիրություն չէր անի», - ասաց գյուղացիներից մեկը։

Մեկ այլ ցուցարար էլ հավելեց. - «Կարկուտն եկել, պրծել է, նոր Կիրովականից զանգեցին ու ասեցին՝ «կրակեք», նոր սկսեցին կրակել, բայց արդեն սաղ ավիրվել, պրծել էր։ Գյուղապետարանից ցորենն առել, ցանել ենք, հիմա վաղը գյուղապետարանից կգան, կասեն փողը տվեք, բայց որտեղի՞ց տաս, դա պետք է քաղեի, որ մի բան ծախեի՝ գյուղապետարանի փողը տայի, բայց էլ որտեղի՞ց տամ, բերել վրես 160 դրամ ցորեն են ծախել»։

Նշենք, որ կարկուտից գրեթե մեկ օր անց դաշտերում դեռ խոշոր կարկտահատիկներ կային:

Գյուղացիները պահանջում էին նաև, որ վարչապետն անձամբ գա, տեսնի իրենց կրած վնասները՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կառավարությունը կարձագանքի, կօգնի գյուղացուն, թե՞ կթողնի միայնակ պարտքերի ու վարկերի հետ:

Գյուղացիները չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել, ասացին՝ համապատասխան արձագանք չստանալու դեպքում ճանապարհը կրկին կփակեն:

XS
SM
MD
LG