Մատչելիության հղումներ

Հունգարիան միգրանտների քվոտաների հարցով հոկտեմբերին հանրաքվե կանցկացնի


Փախստականներ Սերբիայի և Հունգարիայի սահմանին՝ սերբական կողմում, փետրվար, 2016թ․
Փախստականներ Սերբիայի և Հունգարիայի սահմանին՝ սերբական կողմում, փետրվար, 2016թ․

Եվրամիության երկրներում միգրանտների պարտադիր տեղաբաշխման անթույլատրելիության հարցով Հունգարիան առաջիկա հոկտեմբերի 2-ին հանրաքվե կանցկացնի: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Յանոշ Ադերը:

Հարցը, որը դրվելու է քվեարկության, հետևյալ կերպ է հնչում․ - «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որպեսզի Եվրամիությունը իրավունք ունենա սահմանելու օտարերկրյա քաղաքացիների պարտադիր վերաբնակեցում Հունգարիայում՝ առանց [ազգային] խորհրդարանի»:

Հունգարիայի կառավարությունը դեմ է հանդես եկել Եվրամիության պլաններին, որոնց համաձայն՝ ԵՄ անդամ 28 երկրները հաշվարկված չափաբաժնով առաջիկա երկու տարում պետք է ապաստան տան 160 հազար փախստականների։

Կառույցի անդամ երկրների մեծամասնությունը հավանություն է տվել այս ծրագրին դեռևս անցած սեպտեմբերին:

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ միգրանտների պարտադիր տեղաբաշխման Եվրամիության ծրագիրը «կտրուկ փոխելու է Եվրոպայի մշակութային և կրոնական ինքնությունը»: Նա նաև ընդգծել էր, որ ազատ տեղաշարժման եվրոպական սկզբունքը վտանգված է միգրանտների աննախադեպ հոսքի պատճառով, և պնդել, որ միգրանտների ճգնաժամը մեծապես Գերմանիայի խնդիրն է ու ոչ թե Եվրամիության մյուս երկրների:

Անցած տարվա աշնանը Հունգարիան Սերբիայի հետ սահմանի երկայնքով փշալարեր է տեղադրել՝ հույս ունենալով այդպիսով կանխել ապօրինի միգրանտների հոսքը երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG