Մատչելիության հղումներ

Գեղամյան․ ԵԱՀԿ ԽՎ շրջանակում ասված խոսքերս հմտորեն խեղաթյուրել են


Ռուսական պատվիրակությունը կտրականապես դեմ է արտահայտվել ԵԱՀԿ ԽՎ-ի թբիլիսյան նիստում շրջանառվող երկու՝ Ղրիմին և Վրաստանին վերաբերող նախագծերին:

Թբիլիսում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) շրջանակներում շաբաթ օրը, Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ, կայացել է Շվեյցարիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունների անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ, Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդին, ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ակտիվացման կարևորությունը, առաջարկել է փոխել բանակցային ֆորմատը:

Ըստ այդմ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն էլ հայտարարել է՝ եթե մենք ցանկանում ենք առաջ մղել գործընթացը և հեղափոխություն կատարել բանակցություններում, ապա «խելոք քեռիները չպետք է որոշեն ժողովուրդների ճակատագրերը»: «Մեր նախագահները լուրջ բանակցությունների մեջ են, Ֆրանսիայի նախագահը հավանաբար մոտ ապագայում կմիանա գործընթացին: Ես ցանկանում եմ, որ բանակցություններին միանան Մինսկի խմբի անդամները և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները»,- ըստ նույն աղբյուրների, նաև ասել է Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Գեղամյանը՝ մատնանշելով «խելոք քեռիներին», վերջինս ասաց, թե իր խոսքը «հմտորեն խեղաթյուրել են»: «Ես ասել եմ՝ որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշում ընդունել ու չնմանվենք խելոք քեռիներին, որոնք այստեղ նստած իրենց իրավունք են վերապահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կարգավորել՝ այնտեղ եղած չլինելով գեթ մեկ օր, դա ընդունելի չէ»,- պարզաբանեց Արտաշես Գեղամյանը:

Նա հավելեց՝ Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարն առաջարկել է հանդիպում կազմակերպել նաև Շվեյցարիայում: Չնայած դեռ ժամկետներ հայտնի չեն, անգամ հայտնի չէ՝ տեղի կունենա արդյոք նման հանդիպում, թե ոչ, Գեղամյանն, այդուհանդերձ, առաջարկել է, որ դրան մասնակցեն նաև ԼՂ իշխանության ներկայացուցիչները:

Ըստ News.az կայքի, Ադրբեջանի պատվիրակության ղեկվար Բախար Մուրադովան էլ պնդել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի մասն է: «Աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմը: Եվ որպես կողմ Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելն անհնարին է»,- հայտարարել է Մուրադովան:

Հանդիպմանը ներկա՝ Վրաստանը ներկայացնող պատգամավորներն էլ ընդգծել են խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում մեկնարկել է հուլիսի 1-ին և կշարունակվի մինչև հուլիսի 5-ը: Այսօրվա նիստին Ռուսաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը՝ այդպիսով բողոքելով Ուկրաինայի ներկայացրած «Իրավիճակը Ղրիմում» բանաձևի նախագծի դեմ: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կովալյովը փաստաթուղթը որակել է «բացարձակապես ոչ օբյեկտիվ և հակառուսական»: Այդուամենայնիվ, մշտական կոմիտեն այն ներկայացրել է լիագումար նիստի քննարկմանը:

Ռուսական պատվիրակությունը դեմ է արտահայտվել նաև «Հակամարտությունները Վրաստանում» բանաձևի նախագծին: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեսանյութում Կովայլովն ասել է, թե այդ նախագիծը «չափազանց քաղաքականացված է, բացահայտ հակառուսական է և Ռուսաստանի դեմ անհիմն մեղադրանքներ է պարունակում»: «Խոսվում է Հարավային Օսիան և Աբխազիան օկուպացնելու, փշալարերի, մարդու իրավունքների խախտումների մասին: Մենք չենք պաշտպանում այդ փաստաթուղթը, քանի որ այն քաղաքականացված է և անտեսում է աբխազ ու օս ժողովուրդների կամքը»,- ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը:

Քաղաքական հարցերով կոմիտեն պաշտպանել է բանաձևի նախագիծը, դեմ են քվեարկել միայն երեք ռուս պատգամավորները: Նախագիծը քվեարկության կդրվի ԵԱՀԿ ԽՎ վաղվա լիագումար նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG