Մատչելիության հղումներ

Հասարակությունը «չի զգում, որ ինքն է Սահմանադրության կրողը»


ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը և ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը:

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը և ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը:

Սահմանադրության օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի բանախոսներից մեկ փորձագետն ու ԱԺ երկու պատգամավորները համակարծիք են, որ հասարակությունը չի զգում, որ երկրի Մայր օրենքն իրենն է, և որ ինքն է դրա կրողը: Կարծիքը չկիսեց միայն հրավիրված չորրորդ բանախոսը՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ):

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, պատճառը տասը տարին մեկ Սահմանադրությունը փոխելն է, հատկապես՝ երբ չէր գրանցվել կառավարման ճգնաժամ, բայց հենց այդ հիմնավորմամբ փոխվեց երկրի հիմնական օրենքն ու կառավարման կարգը:

Տիգրանյանը կարծում է, որ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու համար նախադրյալներ առհասարակ չկային․ - «Մենք չունեինք բազմակուսակցական կայուն, զարգացած համակարգ, որը հնարավորություն կտար կուսակցություններին իսկապես մուտք գործելու պառլամենտ: Պլյուս նաև ընտրական համակարգի հետ կապված կայուն մեծամասնության․․․ կարծես թե պառլամենտարիզմի տարրերը մի փոքր աղավաղվում են: Այս առումով էլի մնում ենք մեր կարծիքին, որ սա դասական պառլամենտարիզմ չէ»:

«Նախադրյալներ կա՛ն ու հե՛նց կուսակցություններին քաղաքական դաշտում հավասար հնարավորություններ ընձեռելու առումով»,- հակադարձեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եսայանն ու հավելեց՝ արդյունքը 2017-ի խորհրդարանական ընտրություններին կտեսնեք․ - «Վստահ եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում և ընտրություններից հետո դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում իրենց տեղը կգտնեն իսկապես գաղափարական քաղաքական ուժեր, և որևէ մեկի մտքով այլևս չի անցնի, նույնիսկ եթե շատ փող ունի, նույնիսկ եթե շատ հնարավորություններ ունի, հանկարծ սեփական հաճույքի կամ սեփական ցանկությունների համար կուսակցություն ստեղծել»:

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը («Բարգավաճ Հայաստան») համաձայն չէ ՀՀԿ-ական պատգամավորի հետ․ ավելին՝ նա կարծում է, որ հենց Սահմանադրությունից բխող Ընտրական օրենսգիրքը կուսակցություններին հավասար հնարավորություն չի ընձեռում:

Վարդանյանը ընդգծեց մասնավորապես ռեյտինգային ցուցակները․ - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարածքային ցուցակներում ընդգրկվելու են միանշանակ որոշակի ազդեցություն ունեցող թաղային հեղինակություններ, ֆինանսական ազդեցություն ունեցող մարդիկ, դրանք լինելու են իշխող կուսակցության հնարավոր լծակները․․․ Դրանք կլինեն մարզպետները, գյուղապետերը և այլն, և այլն: Արդյո՞ք սա հնարավորություն է տալու մյուս կուսակցություններին և իշխող կուսակցությանը ունենալ հավասար հնարավորություններ և գործել հավասար դիրքերից: Իհարկե ոչ»:

Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն հիշեցրեց, որ երբ հայեցակարգի քննարկումներից մեկի ընթացքում իրենք հարցրել էին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է գնալ պառլամենտարիզմի, Սահմանադրության նախագծի հեղինակները պատասխանել են, որ դա ընդամենն ուղիներից մեկն է: «Իսկ արդյունքում», - ասաց Տիգրանյանը, - «տեքստում կարդացինք՝ պառլամենտական համակարգ»:

Մարգարիտ Եսայանն ընդգծեց, որ երբ տարբեր քաղաքական ուժեր անցած տարի նախագահի մոտ խորհրդակցությունների էին հրավիրվում, բոլորի համար արդեն պարզ էր, որ անցնում են խորհրդարանական կառավարման համակարգի, հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր տեսակետն արտահայտել է:

Թե ով ու ինչպես է կիրառում Սահմանադրությունն առհասարակ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրինակ բերեց վերջերս ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը խուզարկելու ժամանակ քննիչի վարքագիծը, որն արգելել էր փաստաբանին ներս մտնել․ - «Փաստաբանը ասում է՝ ես Սահմանադրությանն եմ հղում անում, որ քաղաքացին ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, և ես եկել եմ իրավաբանական օգնություն ցուցաբերելու: Կիրարկողը տվյալ պարագայում այդ քննիչն էր կամ քննչական խմբի ղեկավարը, որը հրահանգեց ոստիկաններին՝ թույլ չտալու ներս մտնել: Եվ իշխանության կիրառելուց է կախված, թե որքանով մարդիկ կհարգեն Սահմանադրությունը: Եթե մարդիկ տեսնում են, որ էդ ձև ա կիրառվելու, իրանք չեն հարգելու»:

XS
SM
MD
LG