Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու անդամ․ Կառավարությունը համայնքներից խլում է սեփականությունը


Քաղաքային իշխանությունը հակադարձում է՝ ջրմուղկոյուղում ներդրումներ անելու միջոցներ չկան, և համայնքի բաժնեմասի նվիրատվությունը «համակարգի բարելավման խնդիր ունի»:

Գյումրիի քաղաքապետարանը «Շիրակ ջրմուղկոյուղի» ընկերությունում ունեցած իր 17.5 տոկոս բաժնեմասն ավագանու վերջին նիստին նվիրատվության կարգով հանձնեց կառավարությանը:

Նվիրատվության մասին այս որոշմանը դեմ քվեարկած՝ ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նիստի ընթացքում փորձում էր մի շարք հարցերի հետ կապված պարզաբանումներ ստանալ զեկուցողից՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից: «Ընդհանուր առմամբ, ի՞նչ հարստության մասին է խոսքը, որ կառավարությունն ուզում է, որ մենք իրեն նվիրենք», - Բարսեղյանի այս հարցին զեկուցողը պատասխանեց՝ «Ընկերության մեջ մեր բաժնետոմսերը կազմում են 17.49 տոկոս: Ընդհանուր առմամբ, ջրմուղկոյուղու գինը 2 միլիարդ 359,7 է [դրամ], եթե դրա 17 տոկոսը նայում եք, էդպես թիվ չի կազմում»:

Գյումրիի քաղաքապետարանը նախկինում «Շիրակ ջրմուղկոյուղի» ընկերությունում ավելի մեծ բաժնեմաս է ունեցել, սակայն, տարիների ընթացքում նվազելով՝ այն հասել է 17.5 տոկոսի, հավելեց գլխավոր ճարտարապետն ու մանրամասնեց՝ «Սկզբնական շրջանում ունեինք 39 տոկոսի չափով: Բայց քանի որ մեր կողմից ներդրումներ չեն կատարվել, դրանք կատարվում էին պետության կողմից, վարկային ծրագրերով և այլն, մեր փայաբաժինը նվազում էր: Եվ արդեն նվազելով՝ կարող էր հասնել զրոյի, եթե մենք շարունակեինք ներդրումներ չկատարելու քաղաքականությունը: Մենք համարյա թե արդեն ամեն ինչ տվել ենք ջրմուղին»:

Բաժնետոմսերի նվիրատվությունը քաղաքապետարանում հիմնավորում են ջրմուղկոյուղու սպասարկման ոլորտում ներդրումներ անելու անհրաժեշտության հանգամանքով: Կառավարությունն էլ 2 տարի առաջ որոշում է կայացրել ու համապատասխան ներդրումային ծրագիր մշակել: «Խնդիրը մեկ համակարգ ստանալն էր, որպեսզի կատարվեին ներդրումներ և՛ մասնավորի կողմից, և՛ պետության կողմից: Եվ դրա արդյունքում բարելավվեր և՛ ջրի որակը, և՛ մատակարարման որակը․․․»,- ասում է գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Իսկ ի՞նչ կշահի այս ամենից սպառողը: Արդյո՞ք ջրամատակարարման և կոյուղու սպասարկման ոլորտում գնաճ կարձանագրվի, կարո՞ղ է քաղաքային իշխանությունը երաշխավորել, որ նման բան չի լինի: Ավագանու նիստին նաև այս հարցերը հնչեցրեց Լևոն Բարսեղյանը: Ի պատասխան, Հենրիկ Գասպարյանն ասաց, թե այժմ որևէ մեկը չի կարող նման երաշխիքներ տալ:

Լևոն Բարսեղյանի կարծիքով, կառավարությունը պարզապես համայնքներից խլում է բաժնեմասերը: «Համատարած կերպով կառավարությունը, փաստորեն, իրեն ենթակա, շատ հավատարիմ համայնքապետերի միջոցով համայնքներից խլեց այդ ունեցվածքը և վերցրեց իրեն»,- ասում է նվիրատվության որոշմանն ընդդիմացած ավագանու անդամը:

Գյումրին միակ համայնքը չէ, որտեղ ջրմուղկոյուղու համակարգում եղած համայնքային սեփականությունը նվիրաբերվում է կառավարությանը: Լևոն Բարսեղյանը մտահոգություն ունի, որ այն, ի վերջո, կմիավորվի ու կօտարվի: Բարսեղյանի համոզմամբ, համայնքային սեփականության ճակատագիրը պետք է համայնքի բնակիչները տնօրինեն՝ կազմակերպելով հանրային քննարկումներ, ինչը չի արվել:

XS
SM
MD
LG