Մատչելիության հղումներ

Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփեց հիմնադրման 90-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը


Էդվարդ Թոփչյան, արխիվ

Էդվարդ Թոփչյան, արխիվ

Այս շաբաթ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եզրափակիչ գալա-համերգով ամփոփեց հիմնադրման 90-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը, որը մեկնարկել էր մարտի սկզբին։

Համերգի ավարտին նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը և նվագախմբի երաժիշտներից երկուսը պարգևատրվեցին Հայաստանի նախագահի կողմից:

Հայաստանի այս ամենամեծ նվագախումբը մշակույթի ասպարեզում Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է վերջին 100 տարիների ընթացքում։ Իսկ ինչպե՞ս հնարավոր դարձավ 90 տարի առաջ հիմնադրել սիմֆոնիկ նվագախումբ, երբ Հայաստանում էին մի կերպ ապաստան գտել Ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր գաղթական արևմտահայեր, երբ երկրում իշխում էր սովը, խորհրդային կոլեկտիվացման տարիներ էին, երբ հայերի գլխին կախված էր լինել-չլինելու իրական վտանգը։ Հենց այդ պայմաններում էր, որ ոչ միայն ստեղծվեց սիմֆոնիկ նվագախումբը, այլև Օպերային թատրոնը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը, Երևանի պետական համալսարանը և շատուշատ այլ մշակութային և կրթական հաստատություններ, որոնց մասին թերևս այդ ժամանակներում թվում էր, թե միայն կարելի է երազել։

Համեմատության համար նշենք, որ հիմա՝ մեր օրերում, անկախության 25 տարիների ընթացքում նույնիսկ նոր թատրոններ կամ համերգասրահներ չեն ստեղծվել, օրինակ,՝Մնջախաղի և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնները մինչև հիմա սեփական տանիք չունեն։

«Այսօր մեր պրոբլեմն ի՞նչն է՝ որ մենք էլ չենք ուզում կրթվել, էլ լուրջ ուղղությամբ չենք ուզում գնալ։ Ես, օրինակ, կողմնակից չեմ, որ ասում եք՝ «նոր թատրոն չի ստեղծվել»։ Կարող է նոր չի ստեղծվել, բայց հին՝ տասնյակներով կան։ Գուցե՞ այդ մեծահարուստներից ոչ բոլորն են զարգացած ու ոչ բոլորն են հասկանում, թե ինչ բան է Շեքսպիրը, կամ Բեթհովենը», - ասաց Թոփչյանը՝ նշելով. - «Բայց բնական է, որ ցեղասպանությունից և դժոխային ժամանակից հետո, որպեսզի ազգը վերածնվեր, իրեն պետք էր մշակույթ»։

Անվանի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ հավելեց. - «Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան և կարողանան իրենց գիտելիքները, ստացած պաշարը ներդնեն հայրենիքում»։

XS
SM
MD
LG