Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հարցեր


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին ‪Ասլովին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Տաջիկստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցելությունը՝ նշելով, որ հայկական կողմն այս այցելությունը, ինչպես նաև վերջերս Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում դիտարկում է 2015թ. սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու վերաբերյալ պայմանավորվածության համատեքստում:

Տաջիկստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և ցանկանում է առավել զարգացնել համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական ոլորտներում համագործակցության զարգացման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:

Կողմերը գոհունակություն են հայտնել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցության վերաբերյալ։

Հայաստանի և Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ շրջանակներում գործակցության հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ օրակարգային հարցերին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում նախարար Ասլովը մտահոգություն է հայտնել ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ և վերահաստատել իր երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։

Սիրոջիդին Ասլովը տեղեկացրել է Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակի մասին, իր երկրի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ՀԱՊԿ շրջանակներում վերոհիշյալ հարցերով Տաջիկստանին աջակցելու համար։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության արտգործնախարարությունների միջև 2016-2018 թվականների խորհրդատվությունների ծրագիրը, ապա հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG