Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. Հայաստան-Տաջիկստան հարաբերությունները խորացնելու համար խոչընդոտներ չկան


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել երկկողմ շփումներն ու փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ բարեկամ Հայաստանի և Տաջիկստանի հարաբերություններն ավելի խորացնելու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, երկու երկրները արդյունավետորեն համագործակցում են ՀԱՊԿ-ի շրջանակներում և միջազգային տարբեր հարթակներում:

Տաջիկստանի արտգործնախարարը Հայաստանի նախագահին է փոխանցել Տաջիկստանի նախագահ Էմամոլի Ռահմոնի ջերմ ողջույնները, բարեմաղթանքներն ու երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը:

Ասլովը ևս գոհունակությամբ է խոսել տարբեր կազմակերպությունների շրջանակներում հայ-տաջիկական սերտ համագործակցության մասին՝ ընդգծելով, որ միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերում երկու երկրների դիրքորոշումները հաճախ շատ մոտ են:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Սերժ Սարգսյանը Սիրոջիդին Ասլովին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

XS
SM
MD
LG