Մատչելիության հղումներ

Նորածնի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Մահացած նորածնի մայրը՝ Լուսինե Խշոյանը:

Մահացած նորածնի մայրը՝ Լուսինե Խշոյանը:

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը շաբաթներ առաջ մահացած նորածնի ծնողները պնդմամբ՝ եթե բժիշկներն ուշադիր ու հոգատար լինեին, երեխան կփրկվեր:

Մայրը՝ 32-ամյա Լուսինե Խշոյանը, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ հղիության շուրջ 34 շաբաթների ընթացքում հանձնել է վճարովի ու անվճար բոլոր անալիզները, Էջմիածնի ու Երևանի բժիշկները միշտ վստահեցրել են, թե հղիությունը նորմալ է ընթանում, ու ոչ մի բարդություն չկա: Էջմիածնից Երևան են ուղարկել դեպքից մի քանի օր առաջ միայն, որովհետև պարզապես «աննշան խնդիրներ» են նկատել: Հանրապետական հիվանդանոց մտնելուն պես, Խշոյանի խոսքով, ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը նախ ուղղորդել է, որ վճարովի հիվանդասենյակ վերցնեն, հետո հուսադրել է, թե ամեն ինչ նորմալ է, պարզապես պորտալարն է փոքրիկի վզին փաթաթված:

Երկու երեխաների մայրն այդպես էլ չի հասկանում, թե ինչպես ու ինչու նորածին որդին ընդամենը 17 ժամ ապրեց․ - «Մի վատ բան չասեց [բժիշկը]․․․ Մի անհանգստանալու պատճառ չկար, որ մենք իմանայինք մեր անելիքը»:

Նա հավելեց, որ դեպքից հետո բժիշկներն իրեն ասել են՝ երեխան թոքաբորբով է ծնվել: Պնդեց, որ իր 3-ամյա որդին նույնպես թոքաբորբով էր ծնվել, բայց բժիշկների ուշադրության ու հոգատարության շնորհիվ փրկվել է:

Հանրապետական կլինիկական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նախ ասաց, որ կարևոր գործերով է զբաղված, ու կոչ արեց լրագրողներին՝ չպախարակել օր ու գիշեր քրտնաջան աշխատող բժիշկներին, հետո, սակայն, «Ազատության» խմբագրություն եկավ հիվանդանոցի երկու բաժանմունքների վարիչների հետ: Ծննդկանի հիվանդության պատմությունը թերթելով՝ Աբրահամյանն ասաց, թե այդ կինը տարիներ առաջ կրկին ներարգանդային ինֆեկցիայի պատճառով երեխա է կորցրել:

Թեպետ նորածնի մայրը պնդում է, որ երեխայի դիահերձմանը մասնակցած բժիշկներից մեկն իրենց ասել է, որ երեխան բնածին որևէ արատ չի ունեցել, Ռազմիկ Աբրահամյանը հակառակն է պնդում․ - «Դիահերձման արդյունքները տվել են երկկողմանի թոքաբորբ, մենինգիտ, սեպսիս: Ներարգանդային ինֆեկցիան հղիության ժամանակ դժվար է ախտորոշվում, կամ հնարավոր չէ ախտորոշել»:

Նա ասաց, թե այսօրինակ բողոքներից հետո շատ բժիշկներ հրաժարվում են աշխատել: Հորդորեց հետևել պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի, մայրական ու մանկական մահացության ցուցանիշները նվազել են: Ասաց, թե անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օրերս Հայաստանն օրինակելի երկիր է համարել մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցում: Ասաց նաև, թե աշխարհում յուրաքանչյուր րոպե 8-10 նորածին է մահանում:

Այս դեպքով քրեական գործ է հարուցվել: «Ազատության» հարցին, թե արդյոք դատաբժշկական փորձագետները, որոնց շարքում նաև իր գործընկերներ են, հիվանդանոցի վարկանիշը վնասող եզրակացություն կգրեն, հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը արձագանքեց, որ երբեք չի միջամտել․ - «Դա բացառվում է»:

XS
SM
MD
LG