Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ ներքին առևտուրը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 24.5 տոկոսով


ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին նվիրված միջազգային կոնֆերանսը Երևանում: 29-ը մարտի, 2016 թ․

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին նվիրված միջազգային կոնֆերանսը Երևանում: 29-ը մարտի, 2016 թ․

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տնտեսության անկումը, անդամ երկրների փոխադարձ առևտրի ու միության արտաքին առևտրի նվազումը շարունակվում են:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միությունում համախառն ներքին արդյունքը կրճատվել է 1.2 տոկոսով:

Ապրիլին, 2015-ի ապրիլի համեմատ, ԵԱՏՄ ներքին առևտուրը կրճատվել է 24.5 տոկոսով, իսկ արտաքինը՝ 21.1 տոկոսով:

Ռուսաստանի նախաձեռնած միությանը անդամակցելուց առաջ Հայաստանի իշխանությունները շարունակ խոսում էին առավելություններից, օգուտներից, որոնք պետք է ստանար երկրի տնտեսությունը այդ միությանը միանալուց հետո:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով, նավթի գնի նվազումը, ԵԱՏՄ երկրների արժույթների անկումը իրապես շոկային ազդեցություն ունեցան միության տնտեսության վրա:
Այդուհանդերձ, պաշտոնյան չհամաձայնեց դիտարկմանը, որ ԵԱՏՄ-ն դեռևս չի արդարացրել իր վրա դրված հույսերը․ - «Եթե Եվրասիական տնտեսական միությունը չլիներ, վիճակը կլիներ ավելի վատ: Իհարկե, մենք ունեինք ավելի բարձր սպասելիքներ, բայց այդ բարձր սպասելիքները կապված են տնտեսական իրողության հետ: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը մեղմացրել է այն հարվածը, որը մենք ստացել ենք»:

Միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները խորհուրդ են տալիս սպասել, և ինչպես «Ազատությանը» փոխանցել էր Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը, մոտ ապագայում Հայաստանի տնտեսությունը չի կարող շահել ԵԱՏՄ-ից․ - «Հայացք նետեք Եվրամիության օրինակին․ դրան անդամակցող երկրները մեկ-երկու տարում չփոխվեցին, միջնաժամկետ քաղաքականություն է պետք: Հնարավոր է, մենք չտեսնենք արագ փոփոխություններ»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ի մի բերելով ԵԱՏՄ անցած մեկուկես տարին՝ ասաց, որ երկու գործոն պարզորոշ ցույց են տալիս, որ կառույցը հեռու է կայացած լինելուց: Գործոններից մեկը, ըստ տնտեսագետի, միության անդամ երկրների միջև առևտրի գահավիժումն է, որը շարունակվում է․ - «Ընդ որում, փոխադարձ առևտրաշրջանառությունը շարունակում է մնալ շատ փոքր առևտրաշրջանառության մեջ, մոտավորապես 8 տոկոս: Ինչը նշանակում է, որ այս երկրները տնտեսապես և առևտրային իմաստով միմյանց ինտեգրված չեն, նրանք շարունակում են ինտեգրված մնալ մնացած աշխարհին»:

Եղիազարյանի կարծիքով, ԵԱՏՄ-ն նաև հայտնվել է ինստիտուցիոնալ փակուղում․ - «Այն, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում պիտի իրականացվեր միասնական առևտրային, մաքսային քաղաքականություն, ըստ էության ամբողջությամբ ձախողվել է: Խոսք չի կարող լինել ընդհանուր շուկաների մասին, ընդհանուր տնտեսական քաղաքականության մասին: Բացառություններ իրենց թույլ են տալիս թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը․․․ նաև Ռուսաստանի կողմից: Այսինքն այս երկրները իրականացնում են միակողմանի, միայն իրենց շահերից բխող քաղաքականություն»:

XS
SM
MD
LG