Մատչելիության հղումներ

ԱՄՆ զեկույց. Հայաստանը` վերստին թրաֆիքինգի դեմ հաջող պայքարող առաջին խմբի երկրների շարքում


ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակում է աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 30-ը հունիսի, 2016թ․

ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակում է աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 30-ը հունիսի, 2016թ․

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակել է աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016 թվականի զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, 2015-ի ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում առաջին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում, ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

188 երկրներից յուրաքանչյուրի վերաբերյալ զեկույցը նշում է մարդկանց թրաֆիքինգի ծավալը, կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարում գործադրված ջանքերը և մարդկանց թրաֆիքինգի միտումներn աշխարհում՝ ներառյալ ԱՄՆ-ում:

Զեկույցի հայաստանյան բաժնում ընդգծվում է Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի առանցքային դերը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից: «Այս աշխատանքային խմբի հաջողությունը ցույց է տալիս, թե ինչպիսի նվաճումների կարելի է հասնել այն դեպքում, երբ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը իրար լսում են և համագործակցում», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: - «Այս աշխատանքային խումբը օրինակ է ծառայում բարդ և դժվարին խնդիրների դեմ պայքարելու գործում»:

Կառավարության կողմից տրամադրված միջոցները, որոնք ուղղված էին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին, համապատասխան օրենքների ընդունումը, մարդկանց թրաֆիքինգով զբաղվող անձանց հետապնդումը, կանխարգելմանը և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի զոհերի նույնացման պաշտոնական հանձնաժողովի հիմնադրումը և մարդկանց թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմների վերջնականացումը թվարկվում են այն նշանակալի զարգացումների շարքում, որոնց շնորհիվ Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքը դասակարգման սանդղակում, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG