Մատչելիության հղումներ

Ծագումով Չեչնիայից «Մեկձեռանի Ախմեդը»՝ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ


Վրաստան - Ախմեդ Չատաևը դուրս է գալիս Թբիլիսիի դատարանից, արխիվ
Վրաստան - Ախմեդ Չատաևը դուրս է գալիս Թբիլիսիի դատարանից, արխիվ

Թուրքիայի իրավապահները պաշտոնապես հայտնում են՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակները ԱՊՀ-ի երկրների՝ Ռուսաստանի, Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ էին:

Բացահայտվել է նաև նրանց բնակարանը, գտնվել են անձնագրերը: Ըստ պաշտոնական աղբյուրների, պարզվել է, որ ահաբեկիչները մեկ ամիս առաջ են մուտք գործել Թուրքիա:

Չնայած «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումն առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, թուրքական իշխանությունները պնդում են, որ մահապարտները հենց այդ կառույցի անդամներ էին:

Ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը, ըստ թուրքական լրատվամիջոցների, ծագումով Չեչնիայից է՝ Ախմեդ Չատաևը, ով հայտնի է «Մեկձեռանի Ախմեդ» մականվամբ: Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ Չատաևը ներկայումս գտնվում է Սիրիայում, որտեղ գլխավորում է «Իսլամական պետության» զինյալ խմբավորումներից մեկը, որը բաղկացած է հիմնականում չեչեն զինյալներից:

Չատաևը առավելապես հայտնի է հարևան Վրաստանում: Վրացական լրատվամիջոցները հիշեցնում են՝ «Մեկձեռանի Ախմեդի» անունը շրջանառվում էր Լոպոտա կիրճի բախումների գործով: Խոսքը 2012 թվականին տեղի ունեցած հատուկ գործողությունների մասին է: Վրաց ուժայինները մարտի են բռնվել զինված խմբավորումների հետ, որոնց անդամները Վրաստանի Պանկիսի կիրճի բնակիչներ էին: Պաշտոնական տվյալներով՝ 14 մարդ է սպանվել, այդ թվում՝ 3 ուժային: Նախ հաղորդվում էր, որ Չատաևին ձերբակալել են որպես զինված խմբավորման մասնակից, սակայն քիչ անց քննիչները, նրան հռչակելով ուժայինների և զինյալների միջև բանակցող, ազատ են արձակել:

«Նա ոչ միայն ազատ է արձակվել, այլ նաև ճանաչվել է որպես «Սաակաշվիլիի արյունալի ռեժիմի» զոհ, անմեղ է ճանաչվել, և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին էլ անձամբ մասնակցել է նրա ազատ արձակմանը: Նա Վրաստանից մեկնել է Ավստրիա, ապա միացել «Իսլամական պետությանը», - «Ազատության» «Էխո Կավկազա» ծառայության հետ զրույցում պատմում է Կովկասի հարցերով վրացի փորձագետ Ալեկո Կվախալաձեն:

Փորձագետների և արևմտյան պաշտոնյաների գնահատականներով, նախկին խորհրդային երկրները Սիրիա և Իրաք տեղափոխվող օտարերկրացի զինյալների երրորդ խոշոր աղբյուրն են՝ խոսքը ընդհանուր առմամբ մոտ 7 հազար մարդու մասին է: Մոսկվայի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների շարքերում ավելի քան 2 հազար Ռուսաստանի քաղաքացի կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG