Մատչելիության հղումներ

ԼՂ դատախազություն. Զինվորներից մեկին գլխատել են կենդանության օրոք


Հայկական և ադրբեջանական կողմերը ԿԽՄԿ միջնորդությամբ փոխանակում են զոհված զինծառայողների մարմինները, 10-ը ապրիլի, 2016թ.

Հայկական և ադրբեջանական կողմերը ԿԽՄԿ միջնորդությամբ փոխանակում են զոհված զինծառայողների մարմինները, 10-ը ապրիլի, 2016թ.

Քրեական գործեր են հարուցվել 19 զինծառայողների մարմինների խոշտանգումների կապակցությամբ։

Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունում 3 առանձին քրեական գործեր են հարուցվել՝ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով: Ընդ որում, փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, մինչդեռ 31-ամյա մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։ Ղարաբաղի դատախազությունը պաշտոնական հաղորդագրություններում մանրամասնորեն ներկայացրել է, թե յուրաքանչյուր դեպքում ինչպես է վրա հասել մահը:

Հիշեցնենք, գլխատված զինծառայողներից 19-ամյա Քյարամ Սլոյանին հարազատաները վերահուղարկավորել էին, քանի որ ադրբեջանական կողմը միայն մեկ շաբաթ անց էր վերադարձրել զինծառայողի գլուխը:

Գլխատումներից բացի, ադրբեջանցինեը նաև խոշտանգումներ են իրականացրել․ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված շուրջ 2 տասնյակ հայ զինծառայողներ տարբեր խոշտանգումների են ենթարկվել: Լեռնային Ղարաբաղի դատախազությունը տեղեկացնում է, որ 15 հայ զինծառայողների ականջները կտրված են եղել, մի քանիսի դեպքում կտրված են եղել մատները, հանված են եղել աչքերը: Քրեական գործեր են հարուցվել 19 զինծառայողների մարմինների խոշտանգումների փաստերով։ Ընդհանուր առմամբ, քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել է 6 քրեական գործ։

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել զինվորներին կենդանության օրոք գլխատելու և խոշտանգման փաստերին: Բաբայանի խոսքով, եթե այդ արձագանքը չլինի, ապա դա մեծ հարված կհասցնի մարդասիրությանն ու միջազգային իրավունքին:

«Այն, ինչ տեղի է ունեցել, սա․․․ պարզապես ․․․կենդանական աշխարհում այդպիսի բաներ չկան, դա ոչ այլ ինչ է, քան մոլագարություն, ֆաշիզմ․․․չգիտեմ, հայատյացություն, մարդատյացություն, նորմալ մարդը չի կարող գնալ նման քայլի: Բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք, իլյուզիաներով չպետք է տառապել: Դա ոչ միայն անհատների նկատմամբ տարվող քաղաքականություն է, նրանք մեր ազգին ուզում են այդ ճակատագրին արժանացնել: Եվ եթե կարողանան, անպայման արժանացնելու են, սա բոլորի համար պետք է պարզ լինի: Դրա համար միշտ մենք ասում ենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարևորագույն բաղադրամասերից մեկը դա անվտանգությունն է: Եթե իրենք տեսնում են, որ մեր վիրավորված զինծառայողն ընկել է իրենց մոտ, նրանք բարբարոսաբար գլխատում են մարդկանց, ողջ թե զոհված, դա նորմալ մարդ չի կարող անել»,- ասաց Բաբայանը:

Հարցին՝ ղարաբաղյան կողմն ինչպե՞ս է հավաքված բոլոր փաստերը ներկայացնելու միջազգային հանրությանն ու ի՞նչ ակնկալիքով, Բաբայանն այսպես արձագանքեց՝ «Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կլինեն համապատասխան քայլեր, որովհետև այն, ինչ արել է Ադրբեջանը, փաստորեն ուղղված է նաև միջազգային հանրության դեմ, սա ուղղված է մարդկության դեմ, և մարդկությունը պետք է տեղյակ լինի, որ 21-րդ դարում կա այսպիսի մի աննորմալ, ահաբեկչական պետություն: Հիմա ցույց են տալիս «Իսլամական պետությանը», թե ոնց են նրանք գլխատում, ամբողջ աշխարհը սարսափում է: Սա նույնն է: Եթե միջազգային հանրությունը չարձագանքի, սա, կարծում եմ, կլինի մեծ հարված մարդասիրությանն ու միջազգային իրավունքին: Նրանք պարտավոր են արձագանքել, պարտավոր են»:

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հրավերով մեկնել է Բելգիա և այնտեղ հանդիպումներ է ունենում այդ երկրի օմբուդսմենների հետ, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ընդգծեց, որ այդ բոլոր սահմռկեցուցիչ փաստերը ներկայացրել է իր գործընկերներին: Մելիքյանի փոխանցմամբ, իրենք ավելի վաղ դատախազության միջոցով տեղեկացել էին երեկ հրապարակված խոշտանգման փաստերին, և այժմ ինքը պատրաստվում է այդ մասին զեկույց հրապարակել:

«Իր բնույթով սահմռկեցուցիչ և, մեղմ ասած, շատ մտահոգիչ երևույթ է: Ես ներկայումս գտնվում եմ Բելգիայում և արդեն իսկ իմ գործընկերներին ներկայացրել եմ այդ փաստերը: Առաջին հերթին, ինչ մենք կարող ենք անել՝ դա բարձրաձայնելն է: Եվ կան այլ քայլեր, որոնք էս ուղղությամբ կարող են արվել, դրանց մասին խոսել այժմ նպատակահարմար չէ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը տեղյակ չէ՝ արդյո՞ք տասնյակ զինծառայողների խոշտանգումների փաստերով դիմումներ ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ, ինքը, որպես օմբուդսմեն, այդ գործընթացներին մասնակցելու իրավունք չունի:

Նշենք, որ դեռևս ապրիլին, գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքների անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խումբն ընդդեմ Ադրբեջանի գանգատներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խմբի անդամ Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել դիմումի ընթացքի մասին: Ասաց միայն, որ առաջիկայում խումբը մամլո հաղորդագրություն կտարածի:

XS
SM
MD
LG