Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նոր հիմնախնդիրը՝ «ուղեղների արտահոսք»


Օտարերկրացի աշխատանքային միգրանտները Միգրացիայի դաշնային ծառայության մոսկովյան կենտրոնում, արխիվ:
Օտարերկրացի աշխատանքային միգրանտները Միգրացիայի դաշնային ծառայության մոսկովյան կենտրոնում, արխիվ:

Ռուսաստանի էթնիկ պատկերը փոխվում է:

Սկսվել է արտագաղթի նոր ալիքը

Որքան խորանում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, այնքան մեծանում է Դաշնությունը լքող բժիշկների, ճարտարագետների, գործարարների, ուսուցիչների թիվը:

Ավելի քան մեկ դար շարունակ արտագաղթի հզոր ալիքները Ռուսաստանից դուրս են տարել տարբեր բնագավառներում հաջողության հասած բարձրորակ մասնագետների, մտավորականների, շինարարների և գյուղացիների:

Այս նոր ալիքը հավանաբար կանվանեն «ուղեղների արտահոսք»: Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով, 2015 թվականին երկրից հեռացել է 350 հազար մարդ` դա տասնապատիկ գերազանցում է 2010-ի ցուցանիշը:

Նոր ալիքը սկսել է ձևավորվել 2012 թվականին, և հիմնական դրդապատճառը քաղաքական լարվածությունն էր, իսկ տնտեսական անկումը միայն խթանել է այդ գործընթացը:

Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետների փոխանցմամբ, Ռուսաստանում առկա են այսպես կոչված «ճամպրուկային տրամադրություններ»: Հեռանում են բարձրագույն կրթությամբ երիտասարդ մասնագետներ, ովքեր պետք է երաշխավորեին Ռուսաստանի նորարարական տեխնոլոգիաների և արդիական բիզնեսի ապագան:

Միաժամանակ, երկիր են մուտք գործում և աշխատանք ստանում մեծավ մասամբ մահմեդական միգրանտներ նախկին խորհրդային հանրապետություններից, ինչը ազդեցություն է գործում բնակչության էթնիկ և կրոնական հարաբերակցության վրա և սրում է իրավիճակը:

Արտագաղթը՝ պատմական երևույթ

Արտագաղթի ալիքներ են եղել 1880-1914 թվականներին, երբ «պոգրոմներից» փրկվելու համար Ռուսաստանից հեռացել են մոտ 2 միլիոն հրեաներ:

Բոլշևիկյան հեղափոխությունից փրկվելու համար արտագաղթել է 1 միլիոն 400 հազար մարդ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Իվան Բունինը, Վլադիմիր Նաբոկովը, ուղղաթիռների գաղափարի հեղինակ Իգոր Սիկորսկին, նկարիչ Մարկ Շագալը և բազում այլ մեծանուն գիտնականներ և արվեստագետներ:

Խորհրդային տարիների արտագաղթի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան, 1926-40 թվականների ընթացքում վիճակագրական ծառայության բոլոր 5 ղեկավարները գնդակահարվել են: Երկրորդ աշխարհամարտի տարիներին 700 հազարից մինչև 1 միլիոն ռուսաստանցիներ, հիմնականում՝ հակակոմունիստներ, ռազմագերիներ կամ դասալիքներ, Խորհրդային Միությունից տարբեր ուղիներով տեղափոխվել են Արևմուտք:

Տասնամյակներ անց ևս 2 միլիոն հրեաներ մեկնել են Իսրայել կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

1980-ական թվականներին, երբ սահմանների վերահսկողությունը համեմատաբար թուլացել է, Ռուսաստան է վերադարձել մոտ 3 միլիոն էթնիկ ռուս, այդ նույն ժամանակահատվում հեռացել է 700 հազար էթնիկ ռուս և 300 հազար հրեա:

1999-2000 թվականներին տնտեսությունը կայունացել է, կենսամակարդակն աճել է, արդյունքում արտագաղթը նվազել է, Ռուսաստան են ժամանել մեծ թվով աշխատանքային միգրանտներ նախկին ԽՍՀՄ-ից:

Քաղաքական հետապնդումներ և տնտեսության անկում

2000 թվականին արտագաղթել է 146 հազար, իսկ 2009-ին՝ ընդամենը 32 հազար ռուսաստանցի: Բայց հետո գրանցվել է հակառակ միտումը: 2012-ին արտագաղթել է մոտ 37 հազար մարդ, իսկ 2015-ին՝ գրեթե 350 հազար:

Քաղաքական հետապնդումների հետևանքով հեռացել են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ընդդիմադիր Գարի Կասպարովը, «Վիմպելկոմ»-ի հիմնադիր Դմիտրի Զիմինը, անվանի տնտեսագետ Կոնստանտին Սոնինը, քաղաքական մեկնաբան և լրագրող Օլեգ Կաշինը:

Գործարարները սկսել են բիզնեսը տեղափոխել արտասահման. VKontakte սոցիալական էջը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, ինտերնետի խոշոր պրովայդեր Game Insight-ը՝ Լիտվա: Ուկրաինայի շուրջ Արևմուտքի հետ վեճն է՛լ ավելի է նպաստել «ուղեղների արտահոսքին», բայց իշխանությունը նկատել է տվել, որ դա բնավ մտահոգվելու առիթ չէ:

«Ռուսաստանը ոչինչ չի կորցնի, եթե նույնիսկ ամբողջ այսպես կոչված «կրեատիվ դասը» հեռանա»,- հայտարարել է պետերբուրգցի քաղաքական գործիչ Վիտալի Միլոնովը:

Այսօրվա արտագաղթը՝ վաղվա ճգնաժամի պատճառ

Մինչդեռ, ըստ Stratfor-ի, արտագաղթի բնույթն է փոխվել: Այսօր արդեն հեռանում են ոչ միայն քաղաքական այլախոհները, այլև նախևառաջ բժիշկները, գիտնականները, գործարարները և ուսուցիչները: Առողջապահության ոլորտի 2014 թվականի «բարեփոխման» արդյունքում միայն Մոսկվայում աշխատանքից զրկվել է մոտ 7 հազար բժիշկ:

Վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, այսօր ռուսաստանցիները նախևառաջ մեկնում են Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Կանադա և Ֆինլանդիա:

Բարձրագույն կրթությամբ մասնագետների հեռացումը ծանր ազդեցություն է գործելու, մի քանի տարի անց կրթության և առողջապահության համակարգերի ճգնաժամ կլինի: Տուժելու են նորարարական տեխնոլոգիաներ զարգացնող ընկերությունները:

Ռուսաստանն արդեն այսօր չափազանց հետ է մնացել գիտական հետազոտությունների և զարգացման ֆինանսավորման հարցում: Արդյունքում, Ռուսաստանը վերստին կմնա էներգետիկայի բնագավառում պետության հովանավորությամբ աշխատող հսկա ընկերությունների հույսին:

Սակայն Մոսկվան շարունակում է պնդել, թե ոչ մի վտանգ չկա: Նախագահ Վլադիմիր Պուտինի կրթության և գիտության հարցերով խորհրդական Անդրեյ Ֆուրսենկոն հայտարարել է, թե «ուղեղների արտահոսք» անվամբ հիմնախնդիրը Արևմուտքն է հորինել:

Արդյո՞ք դրամաշնորհը և Սկոլկովոն պետք է փրկեն վիճակը

Կրեմլը փորձում է շտկել վիճակը, երկու տարվա կտրվածքով գիտությանը հատկացնում է մոտ 850 միլիոն դոլարի դրամաշնորհ, խոշոր ընկերություններից VTB Group-ին կարգադրել է ներդրումներ անել ոչ թե արտասահմանում, այլ Ռուսաստանում:

Շարունակվում է Սկոլկովո ծրագիրը, որը պետք է դառնա ռուսական «սիլիկոնյան հովիտը», սակայն դա մեծագույն դժվարությամբ է իրականացվում, պատճառը թերֆինանսավորումն է և արևմտյան գործընկերների հետ կապերի սահմանափակումը:

Ազգային-կրոնական պատկերի աղավաղում

Ռուսաստանի բնակչությունը ներկայումս 143 միլիոն է և, ըստ փորձագետների, մինչև 2030 թվականը կնվազի 10 տոկոսով, հիմնականում՝ ցածր ծնելիության, առողջապահության անմխիթար մակարդակի և արտագաղթի հետևանքով:

Մինչդեռ, Ռուսաստանի մահմեդական տարածքներում ծնելիությունը բարձր է, Չեչնիայի բնակչությունն աճել է 5 տոկոսով, Դաղստանինը՝ 13: Մահմեդական միգրանտների ներհոսքն էլ շարունակվում է:

Ստույգ տվյալներ չկան, բայց ենթադրվում է, որ տարեկան 240 հազար մարդ է ժամանում Ռուսաստան, իսկ ապօրինի միգրացիայի ծավալը հաշվի առնելով՝ կարելի է փաստել, որ այդ թիվը հասնում է մոտ 400 հազարի: Միգրանտների մեծ մասը Միջին Ասիայից են և Ադրբեջանից:

Գոնե մեկ հարցում «մրցել» Ամերիկայի հետ

Այսօր Ռուսաստանում կա 11 միլիոն միգրանտ, դա բնակչության 8 տոկոսն է: Ռուսաստանը միգրանտների թվով զիջում է միայն Միացյալ Նահանգներին:

«Ռոսիյսկայա գազետա»-ի հաշվարկով, 2020 թվականին Ռուսաստանում դպրոցականների 30 տոկոսը միգրանտների զավակները կլինեն: Ոչ միայն սլավոնական և ուղղափառ ազգայնականության ջատագովների, այլև մեծ թվով չափավոր փորձագետների ընկալմամբ՝ միգրանտները դառնում են լուրջ վտանգ Ռուսաստանի ինքնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG