Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի


Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Լուսինե Սահակյանի գնահատմամբ, դատարանն այսօր արտառոց որոշում կայցրեց։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, հիշեցնենք, քաղհայցով Ռուսաստանից պահանջում էին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով բարոյական վնասի փոխհատուցում` 450 հազար եվրոյի չափով։

Տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպաններից Լուսինե Սահակյանի գնահատմամբ, դատարանն այսօր արտառոց որոշում կայացրեց։

«Նախորդ դատական նիստին դատավորը քաղաքացիական հայցվոր ճանաչեց, քաղաքացիական պատասխանող ճանաչեց, մեկ ամիս էլ ժամանակ տրամադրեց, որպեսզի կարողանա առաքի հայցը պատասխանողին, և որպեսզի քաղաքացիական պատասխանողը կարողանա իր դիրքորոշումը հայտնել։ Ակնհայտ է, որ այս ընթացքում ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, և այսօր արտառոց որոշում հրապարակեց դատավորը, որովհետև նախևառաջ այս ընթացքում նա որևէ որոշում կայացնելու իրավունք չուներ, որովհետև, եթե նման որոշում պետք է կայացներ, նա այդ որոշումը պետք է կայացներ նախորդ նիստին՝ թեկուզ խորհրդակցական սենյակ հեռանալով, բայց նման ձևով, երբ որ դատական նիստը ավարտվում է և սկսվում է նրանից, որ նա որոշում է հրապարակում, արդեն իսկ Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է։ Ակնհայտ է, որ ուղղակի Հայաստանի դատարանն ընդդեմ Ռուսաստանի չկարողացավ քայլ անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Երեմ Սարգսյանը հավելեց. - «Որ նման կոպտագույն խախտումով կլիներ պատասխանը, բացարձակապես չէինք կարող նույնիսկ այս փուլում մտածել։ Այսօր մենք պետք է լսեինք ռուսական կողմի դիրքորոշումը, որպեսզի դրանից հետո դատարանը, մյուս կողմերի կարծիքները լսելուց հետո, որոշում կայացներ։ Այսօր դատարանը նույնիսկ ազատեց ռուսական կողմին պատասխան ներկայացնելու այդ բեռից», - ասաց Սարգսյանը։

Պաշտպանները փոխանցեցին, որ պատրաստվում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին։

«Իհարկե որևէ հույս չկա, որ ինքնաբացարկը կընդունվի։ Չի ընդունվելու, և ստիպելու են, որ մենք ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործողություններ իրականացնենք», - ասաց Սահակյանը՝ նշելով, որ հայաստանյան դատական բոլոր ատյանները սպառելուց հետո կդիմեն Եվրոպական դատարան. - «Ժառանգներն իրավունք ունեն բարոյական վնասի հատուցում ստանալու, և դա ուղղակի ինքնանպատակ չէ։ Նպատակը՝ հայց ներկայացնելու, նա է, որպեսզի Ռուսաստանը, նաև ֆինանսական պատասխանատվություն կրելով, հասկանա, որ Հայաստանում նման զինծառայողները, ինչպիսին Պերմյակովն է, չպետք է ծառայեն, և այլևս ոչ մի նման հանցագործություն չի ներվելու Հայաստանի քաղաքացիների կողմից»։

XS
SM
MD
LG