Մատչելիության հղումներ

logo-print

Մոտ 42 մլն դրամ՝ Արթիկում հեղեղումներից տուժածներին աջակցության համար


Հեղեղումները Արթիկում, 24-ը հունիսի, 2016թ․

Հեղեղումները Արթիկում, 24-ը հունիսի, 2016թ․

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որի համաձայն Շիրակի մարզպետարանին կհատկացվի 41 միլիոն 746 հազար դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

Համայնքում հեղեղումներից տուժել են սելավատարեր, բնակելի տներ և օժանդակ շինություններ, տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնասվել են մշակաբույսերի ցանքատարածությունները:

Վերոհիշյալ գումարից 22 միլիոն 350 հազար դրամ կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, 2 միլիոն 430 հազար դրամ կուղղվի հեղեղումների հետևանքով անկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար, հեղեղատարների մաքրման և վերականգնման նպատակով էլ կտրամադրվի 16 միլիոն 965 հազար դրամ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասներ է ներկայացրել Արթիկում տարվող աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 միլիոն 600 հազար դրամ, հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650 հազար դրամ և 1 միլիոն 700 հազար դրամ:

Ըստ նախարարի՝ քաղաքում շարունակվում են վերականգնողական ակտիվ աշխատանքները, վերացվում են հեղեղի հետևանքները. գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրականությունը հիմնականում վերականգնվել են: Տեղերում աշխատում են շինտեխնիկա, մեքենաներ: Արդեն ավարտվում են քաղաքի երկու-երեք փողոցների մաքրման աշխատանքները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է հեղեղի հետևանքների վերացման աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնել հանրությանը՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար:

Հիշեցնենք՝ վարչապետը ջրհեղեղի հաջորդ օրը այցելել էր Արթիկ, երեքշաբթի օրն էլ խորհրդակցության ժամանակ հանձնարարել էր սկսել հեղեղից տուժած արթիկցիների փոխհատուցման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG