Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը առաջարկում է օգնություն ԼՂ-ին, փախստականներին Հայաստանում


ԱՄՆ սենատոր Մարկ Քըրք, արխիվ

ԱՄՆ սենատոր Մարկ Քըրք, արխիվ

Հանձնաժողովը նաև վարչակազմի 2017-ի բյուջեի նախագծում ամրագրվածից 3 միլիոն դոլարով ավելի օգնություն է հաստատել Հայաստանի համար:

Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը, սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ, երեկ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան ուղղակի օժանդակության օգտին՝ ծրագիր, որով 1998 թվականից մարդասիրական օգնություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին և որը երկկուսակցական աջակցություն է վայելում: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովը առաջարկել է նաև ֆինանսավորում հատկացնել Հայաստանում փախստականներին աջակցության նպատակով:

Հանձնաժողովը 2017 թվականի ֆինանսական տարվա արտաքին գործողությունների ֆինանսավորման օրինագծում նշել է, որ «սատարում է օժանդակությունը փախստականներին Հայաստանում, հատկապես Միջին Արևելքից փոքրամասնությունների խմբերին, որոնք փախուստի են դիմել Սիրիայում և Իրաքում հետապնդումներից ու հակամարտությունից»:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ էլ նշվում է, որ հանձնաժողովն առաջարկում է նախորդ տարիների ֆինանսական տարիներին համահունչ օժանդակություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին և հակամարտությանն առնչվող կարիքների համար: «Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում: Հանձնաժողովն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղում ականների հետևանքով պատահարների ցուցանիշը աշխարհում ամենաբարձրերից է, և որ ականազերծման ծրագրերը արդյունավետ են եղել, որտեղ դրանք իրականացվել են», - մասնավորապես ասված է օրինագծում:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բարձր է գնահատել սենատոր Քըրքի ջանքերը և ողջունել է Սենատի հանձնաժողովի ընդունած նախագիծը, որով նաև առաջարկվում է 2017-ին Հայաստանին տրամադրել 24․1 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն, մինչդեռ այս տարի ավելի վաղ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծով առաջարկվում է 22 միլիոն դոլարի տնտեսական օգնություն: Միջազգային ռազմական կրթության և վարժանքների ծրագրի գծով հանձնաժողովը Հայաստանի համար հաստատել է 600 հազար դոլար, և ևս 1 միլիոն՝ որպես արտաքին ռազմական ֆինանսավորում: Հայաստանի համար հանձնաժողովը հաստատել է վարչակազմի բյուջեի նախագծով առաջարկվածից ընդհանուր առմամբ 3 միլիոն դոլարով ավելի օգնություն: Վարչակազմը Լեռնային Ղարաբաղին ուղղակի օգնություն չի նախատեսել:

Նշենք, որ Ադրբեջանի համար Սենատի հանձնաժողովը հաստատել է 10.9 միլիոն դոլարի օգնություն:

Վարչակազմի առաջարկած բյուջեի նախագծում պահպանված է Հայաստանի և Ադրբեջանի համար առաջարկվող ռազմական օգնության հավասարակշռությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG