Մատչելիության հղումներ

Իսպանիայում ռուսական մաֆիայի հետ կապերի համար կասկածվող խումբ է ձերբակալվել


Իսպանիայի ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Իսպանիայի ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Առաջին անգամը չէ, որ ռուսական մաֆիան հայտնվում է Իսպանիայի իրավապահների ուշադրության կենտրոնում:

Իսպանիայի իրավապահ մարմինները Տարրագոնայում մի խումբ ռուսների են ձերբակալել, որոնք կասկածվում են ռուսական մաֆիայի հետ կապեր ունենալու, ապօրինի գործարքների ու միլիոնների լվացման մեջ:

Թեև ոստիկանությունը հստակ անուններ չի նշում, սակայն մամուլը պնդում է, թե ձերբակալվածների ետևում կանգնած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներն ու իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները:

Քրեական գործի համաձայն, կասկածյալները Իսպանիայում վարկային կազմակերպություններ են հիմնել և դրանց միջոցով օրինականացրել շուրջ 63 միլիոն եվրո՝ փոխանցելով հանցավոր աշխարհում հայտնի Տամբովի ու Տագանսկի մաֆիոզ խմբավորումներին: Հղում անելով իր աղբյուրներին՝ իսպանական El Mundo-ն գրել է․ - «Հանցավոր խումբը ղեկավարել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք հաճախ են ի ցույց դրել իրենց ջերմ կապերը Կրեմլի հետ՝ պարբերաբար հյուրընկալելով ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչների»:

Իսպանական մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ ABC-ն գրում է, թե իրավապահները կալանք են դրել շուրջ 150 բանկային հաշիվների ու անշարժ գույքի 200 օբյեկտների՝ տների ու վիլլաների վրա:

«Մեզ հաջողվել է վնասազերծել հանցավոր մի ցանց և բացահայտել նրանց մաֆիոզ կապերը», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչ Ֆաուստինո Դիասը:

Ընդ որում, առաջին անգամը չէ, որ ռուսական մաֆիան հայտնվում է Իսպանիայի իրավապահների ուշադրության կենտրոնում: Դատարանը դեռ քննում է մեկ տարի առաջ բացահայտված աղմկահարույց գործը, որով անցնում են նախագահ Պուտինի մերձավորները, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի նախագահ Վիկտոր Զուբկովը, վերջինիս փեսան՝ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը, Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ Վլադիսլավ Ռեզնիկը, ոստիկանության ու դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Տասը տարվա հետաքննությունից հետո իսպանացի իրավապահները դատարան են բերել բազմաթիվ ապացույցներ, այդ թվում՝ հազարավոր հեռախոսազրույցներ, բանկային փոխանցումների և անշարժ գույքի գործարքների տասնյակ փաստաթղթեր:

Ըստ գործի, հանցավոր խումբը ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև այսպես ասած պաշտոններ է վաճառել Ռուսաստանում՝ Իսպանիայում ակտիվների դիմաց:

Ռուսաստանի նախագահի խոսնակը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք որակելով բացարձակ անհեթեթություն:

XS
SM
MD
LG