Մատչելիության հղումներ

Նախագահ․ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին չորեքշաբթի երեկոյան ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ապրիլին իր պաշտոնական այցի ժամանակ Հայաստանի պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար:

Փոխայցերի և երկկողմ շփումների դինամիկան, նախագահի գնահատմամբ, վկայում է Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր: Նա բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և այդ համատեքստում շնորհակալություն հայտնել Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից հատկացված 500 հազար եվրո ֆինանսական աջակցության համար:

Նախագահը գոհունակությամբ է խոսել Շտայնմայերի այցի շրջանակում ստորագրված նոր փաստաթղթի՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և գործընթացն առաջ մղելու հնարավորություններին ու հեռանկարին: Կարևորվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ հետևողական քայլերի իրագործումը՝ տևական խաղաղության և կայունության հասնելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց չորս փուլն արդեն հաջողությամբ կայացել է, տեսանելի ապագայում կավարտվեն, և կողմերը կունենան հարաբերությունների զարգացմանը միտված նոր փաստաթուղթ:

Նույն օրը, հիշեցնենք, կայացել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին հաջորդել է նրանց համատեղ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG