Մատչելիության հղումներ

Հովսեփ քահանա Գալստյան. Մարդկանց հրապարակ էր բերել հոգևորականի օրինակելի կերպարը


Գլխավոր պատճառը, որ մարդիկ այդտեղ ներկա էին, ուշադրության պակասն է, ուշադրության կարիքը, ասաց հոգևորականը։

Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Գյումրիի Վարդանանց հրապարակում ոչ միայն իրենց շնորհակալությունը հայտնելու Հռոմի Պապին՝ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար, այլև, ըստ Հայ Կաթողիկե եկեղեցու տեղեկատվական կենտրոնի ղեկավար Հովսեփ քահանա Գալստյանի, մարդկանց հրապարակ էր բերել հոգևորականի օրինակելի կերպարը։

«Մարդկանց հրապարակ էր բերել նոր կյանքի հույսը, նոր կյանքի սպասումը։ Եկել էին՝ տեսնելու, ոգեշնչվելու հոգևորականի օրինակելի կերպարով։ Եկել էին՝ լսելու նրա հայրական խոսքը, ստանալու նրա օրհնությունը, ստանալու նոր հոգևոր և կենսական լիցքեր՝ իրենց առօրյա սոցիալ-տնտեսական բարդությունները հաղթահարելու համար։ Գլխավոր պատճառը, որ մարդիկ այդտեղ ներկա էին, ուշադրության պակասն է, ուշադրության կարիքը», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգևորականը։

Հովսեփ քահանա Գալստյանը պատահական չի համարում, որ Հռոմի Պապը անձամբ է պնդել, որ անպայման այցելի Գյումրի և քաջալերի Շիրակի մարզի տառապյալ ժողովրդին, որը մինչև օրս իր ուսերին է կրում ավերիչ երկրաշարժի հետևանքներն ու ապրում սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում։

«Եվ պատահական չէր, որ ինքը որոշեց այդ խնդիրների մասին՝ սոցիալական դժվարությունների, սոցիալական արդարության, բոլորի համար արժանավայել աշխատանքի մասին խոսել, բարձրաձայնել հենց այստեղ, այս հրապարակում, և եթե խոսվում է այստեղ, նշանակում է՝ սրբազան քահանայապետի ձայնը լսում է ամբողջ աշխարհը», - ասաց հոգևորականը։

Քահանայի փոխանցմամբ, ամբողջ աշխարհը Հռոմի Պապի միջոցով նաև լսեց Հայոց ցեղասպանության մասին, երբ նախագահի նստավայրում, շեղվելով գրավոր տեքստից, 1915 թվականի իրադարձությունները որակեց «ցեղասպանություն» բառով։ «Շատ համարձակ մի քայլ էր», - ասաց Հովսեփ քահանա Գալստյանը։

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին ունեն շատ կարևոր նշանակություն, անկասկած դրանք հիմք են հանդիսանալու այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Ավելին, թուրքագետի համոզմամբ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի որոշումը 2015 թվականին Վատիկանում տեղի ունեցած միջոցառման ուղղակի արձագանքն էր, որի ժամանակ Ֆրանցիսկոս Պապն առաջին անգամ խոսեց Հայոց ցեղասպանության մասին։ «Երկրորդ անգամ կրկնելով «ցեղասպանություն» եզրույթը, բնութագրելով Հայոց ցեղասպանությունը որպես Ցեղասպանություն, ես կարծում եմ, այդպիսով Հռոմի Պապը մի քայլ առաջ արեց և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեց աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առումով», - ասաց թուրքագետը։

Հարցին, թե կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում այլ երկրներ ևս կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, Սաֆրաստյանը պատասխանեց. - «Այո՛, ես կարծում եմ, որ այո՛՝ և՛ եվրոպական երկրներում, և՛ լատինամերիկյան երկրներում»։

Թուրքագետը կարևորում է նաև Խոր Վիրապում Հռոմի Պապի կողմից Արարատ լեռան ուղղությամբ խորհրդանշական աղավնիների բաց թողումը: Սաֆրաստյանի համոզմամբ, սա կոչ էր` ուղղված Թուրքիային։

«Այստեղ երկու իմաստ կա։ Մեկը՝ ինչո՞ւ հենց Արարատի ուղղությամբ, որովհետև Արարատը մարդկության սրբազան լեռն է, և մեր ժողովուրդն է այդ սրբազան լեռան պահապանը, և դա հենց Թուրքիայի սահմանի ուղղությամբ: Այսինքն, դրանով իսկ նա կոչ է անում Թուրքիային, ես այդպես եմ ընկալում, ընդունել Ցեղասպանությունը և ճանապարհ բացել երկու ժողովուրդների միջև նորմալ հարաբերությունների հաստատմանը», - ասաց Սաֆրաստյանը։

Թե ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ Հռոմի Պապի հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին, ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, կարելի է դատել միայն Թուրքիայի «ջղաձգումներից»։

«Մարդը ճշմարիտ խոսքի, այսպես ասած, օրինակ է դարձել ամբողջ աշխարհի համար՝ իր վարքով, իր պահվածքով, և ամբողջ կաթոլիկ աշխարհը Հռոմի Պապի հայտարարություններն ընդունում է որպես սրբազան ճշմարտություն։ Այդքանն արդեն բավական է, որպեսզի աշխարհում շատ լուրջ վերանայումներ տեղի ունենան ընդհանրապես Թուրքիայի պահվածքի հետ կապված, Ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելու հետ կապված։ Անգնահատելի ծառայություն է մատուցում Պապը՝ մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը դատապարտելու առումով», - ասաց Ռուստամյանը։

XS
SM
MD
LG