Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԸՕ-ում փոփոխությունները


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Այդ փոփոխությունները, հիշեցնենք, մշակվել էին 4+4+4 ձևաչափով բանակցային սեղանին։

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ընտրություն իրականացնել միայն նույնականացման քարտերով, ձեռք բերել տասը մատնահետքեր ստուգող սարք և բոլոր տեղամասերից ընտրական գործընթացը ուղիղ եթերով հեռարձակել, արժանացավ 106 պատգամավորի հավանությանը։

Քվեարկությանը ներկա չէր 4+4+4 ձևաչափը նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ուստի կուսակցության տեսակետը ներկայացրեց Գագիկ Ջհանգիրյանը․ - «Այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցությունը այլ քաղաքական ուժերի հետ միասին, խնդիրները ձևակերպել ու ներկայացրել է նույնպես մեր խմբակցությունը, նաև մենք ստորագրել ենք համատեղ հայտարարությունը: Ուստի մենք կողմ ենք այս փոփոխություններին»:

Ջհանգիրյանը, այդուամենայնիվ, ավելացրեց, որ հավանություն չեն տալիս ողջ Ընտրական օրենսգրքին․ - «Բայց դա չի նշանակում, որ մենք կողմ ենք ընդհանուր Ընտրական օրենսգրքին։ Չհամաձայնեցված հարցերը դեռ շատ են, հատկապես՝ բաց համամասնական համակարգը»:

Ընտրական օրենսգրքի շուրջ քաղհասարակության, ընդդիմության և իշխանության հետ քննարկումներում ներգրավված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ վերահսկողական մեխանիզմների ներդրումը կնվազեցնի ընտրակեղծիքը․ - «Սա իսկապես համատեղ լուրջ ջանքի և աշխատանքի արդյունք է, և եթե այս քաղաքական համաձայնությունից հետ կարողանանք լուծել նաև այն իրականացնելու խնդիրը, սա էապես լուրջ լծակներ կտա մշտապես կրկնվող հիմնական ընտրակեղծիքների լյուֆթը գոնե նվազեցնելու համար։ Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը քվեարկելու է կողմ»:

Չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ այսօր ընդունվեցին, դրանք 2017-ի ընտրություններին կարող են և չկիրառվել՝ եթե մինչև սեպտեմբերի 1-ը կառավարությունը միջազգային դոնոր կազմակերպություններից չստանա դրանց իրականացման համար անհրաժեշտ 16 միլիոն դոլարը։

Նախագծին այսօր դեմ քվեարկած 6 պատգամավորներից մեկը՝ Ռուբիկ Հակոբյանն իր դիրքորոշումը բացատրեց հենց օրենքի՝ «եթե»-ից կախված լինելու հանգամանքով․ - «Ընդունում ենք օրենք, կամ փոփոխություններ ենք իրականացնում՝ դա պայմանավորելով դոնոր կազմակերպությունների բարեհաճ վերաբերմունքով: Նախադեպ չունեցող բան է: Միշտ կողմ եմ ընտրական գործընթացների բարելավմանը, Ընտրական օրենսգրքի բարելավմանը, բայց «եթե»-ով պայմանավորված նախագծին ես չեմ կարող կողմ լինել, ես դեմ եմ լինելու սրան»:

Արդեն օրվա երկրորդ կեսին խորհրդարանում էին կառավարության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինիս խոսքով, ինքը և Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել են դոնոր կազմակերպությունների և երկրների ներկայացուցիչների հետ։

«Չբացելով բոլոր չակերտները, որովհետև, այնուամենայնիվ, դա ֆորմալ բնույթ չի կրել, ես ձեզ ցանկանում եմ հաղորդել հիմնական տպավորությունը, որ մենք կամաց-կամաց մոտենում ենք նրան, որ, այնուամենայնիվ, ֆինանսավորում գտնվելու է: Ես հիմա հարյուրտոկոսանոց երաշխավորագիր չեմ կարող տալ, բայց այսօրվա դոնորների հավաքը շատ ավելի դրական տպավորություն թողեց իմ վրա, քան նախորդը», - փոխանցեց ընդդիմադիր գործիչը:

Նա հավելեց, թե փոփոխությունների համար խոստացված գումարին ավելացել է ևս կես միլիոն, և Հայաստանի գործընկերներն ակնկալում են, որ կառավարությունը իր կողմից ավելի մեծ գումար կխոստանա ներդնել․ - «Մենք ունենք արդեն 12 միլիոն եվրո, և ես վստահ եմ, որ այս հիմքի վրա արդեն կարելի է հանգիստ սկսել գործընթացը և վստահ լինել, որ այս ծրագիրը իրագործվում է: Կառավարությունը, իհարկե, երեք միլիոն ներդրում անում է այս ծրագրի իրագործման մեջ, բայց եկեք բոլորս էլ ընդունենք, որ այդ երեք միլիոն դոլարը դա մի ներդրում է, որը իշխանությունների կողմից այսպես թե այնպես արվելու էր՝ անկախ նրանից, այս համաձայնությունը մենք ձեռք կբերեինք, թե ոչ»:

Ակնկալվում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ Ազգային ժողովը կհաստատի այս արտահերթ նստաշրջանում։

XS
SM
MD
LG