Մատչելիության հղումներ

Բրայզա. Էրդողանը նամակում ինչ էլ գրած լինի, դա օգնում է վերականգնել հարաբերությունները


Մեթյու Բրայզա, արխիվ

Մեթյու Բրայզա, արխիվ

Այդ երկու ուժեղ առաջնորդները կհաղթահարեն երկրների միջև դիվանագիտական փակուղին, ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նամակում ինչ էլ գրած լինի, դա օգնում է Ռուսաստանին և Թուրքիային վերականգնելու հարաբերությունները, «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան։

Նշելով, որ այդպես էլ հստակ չէ, թե նախագահ Էրդողանը ներողություն է խնդրել, Բրայզան հավելել է. - «Բոլոր դեպքերում Էրդողանի հայտարարությունը Կրեմլը համարում է ներողություն, ինչը երկու երկրներին թույլ է տալիս վերականգնելու նախկին հարաբերությունները։ Նման զարգացում սպասելի էր։ Այդ երկու հպարտ և ուժեղ առաջնորդները կհաղթահարեն երկրների միջև դիվանագիտական փակուղին»։

«Արդյունքում Պուտինը պնդում է, որ Էրդողանը ներողություն է խնդրել, իսկ Էրդողանը կարող է հայտարարել, թե ինքը փոքր-ինչ այլ կերպ է արտահայտվել։ Երկու առաջնորդները պահպանեցին իրենց դեմքը և հարաբերությունները բարելավում են», - ամփոփել է Բրայզան՝ նաև նշելով, որ Թուրքիայի դիվանագիտության համար մեծ օր է, քանի որ Անկարան և Թել Ավիվը ևս հայտարարել են հարաբերությունները կարգավորելու համաձայնության մասին։

Հիշեցնենք, ռուս-թուրքական հարաբերությունները վատացան անցյալ տարվա նոյեմբերին, երբ թուրքական օդուժը ռուսական ռմբակոծիչ խոցեց, իսկ թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացել են վեց տարի առաջ, երբ Իսրայելը չթույլատրեց թուրքական նավերին օգնություն տանել պաղեստինյան Գազայի հատված, Իսրայելի հատուկ ջոկատայինները գրավեցին կարգադրություններին չենթարկվող նավերից մեկը և այդ գործողության ընթացքում Թուրքիայի տասը քաղաքացիներ սպանվեցին։

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը 20 միլիոն դոլար փոխհատուցում է վճարելու զոհվածների ընտանիքներին։

XS
SM
MD
LG