Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության ուժեր ստեղծելու աղմկահարույց համաձայնագրի քննարկման ընթացքում պատգամավորներին հիմնականում հետաքրքրում էր, թե ում են ի վերջո ենթարկվելու Հայաստանում տեղակայված ՀՕՊ միավորված ուժերը և ինչ գործառույթ կարող են դրանք իրականացել Ղարաբաղին վտանգ սպառնալու պարագայում։

Պատգամավոր Թևան Պողոսյանը նախագիծը ներկայացնող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց, թե անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարո՞ղ է միանձնյա որոշում կայացնել։

Նազարյանն արձագանքեց․ - «Մեր ՀՕՊ պետը։ Ինքն է հրաման տալու»:

Դեմ արտահայտվելով համաձայնագրին՝ միավորված ուժերի հրամանատարության հարցը շարունակեց նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ - «Եթե Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգից հրաման լինի ռուսական էսկադրիլյային օդ բարձրանալ, իսկ Ռուսաստանից հրաման լինի, որ չէ, մի բարձրացեք, այդ դեպքում ինքնաթիռները օդ կբարձրանա՞ն, թե՞ օդ չեն բարձրանա»:

«Ասեմ, որ նշված գործընթացները չեն կարգավորվում միայն պարզապես հրամաններ տալով: Դրա համար կան համապատասխան ղեկավար փաստաթղթեր, կիրառման պլաններ», - պատասխանեց փոխնախարարը:

Պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե արդյոք միավորված ՀՕՊ ուժերը անհրաժեշտության դեպքում կարո՞ղ են օգնել Լեռնային Ղարաբաղին, Արա Նազարյանն ասաց․ - «Այս համաձայնագրի դրույթները չեն տարածվելու Արցախի մասով: Արցախի մասով մենք ունենք մեր հակաօդային պաշտպանության միջոցները: Մեր ռազմական դոկտրինով մենք հանդիսանում ենք Արցախի անվտանգության ապահովողը և աջակցողը»:

Հայաստանյան զինուժի ինքնիշխանության թեման շարունակեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ վստահեցնելով, որ հնչող քննադատությունը, թե համաձայնագիրը զրկում է Հայաստանի ներկայիս ՀՕՊ ուժերին Ղարաբաղին աջակցելու հնարավորությունից, չի համապատասխանում իրականությանը․ - «Այս համաձայնագրով ևս մեկ անգամ փաստում ենք, որ Հայաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատ, անկախ ու անկաշկանդ են լինելու Արցախում ցանկացած պաշտպանական գործողություն իրականացնելու համար»:

ԱԺ փոխխոսնակը իր ելույթում հավելեց, որ բոլոր թերություններով հանդերձ՝ ՀԱՊԿ անվտանգության համակարգերին անդամակցելու այլընտրանք Հայաստանն, իր կարծիքով, չունի։

Աղմկահարույց այս համաձայնագրի քննարկումները կշարունակեն վաղը։

XS
SM
MD
LG