Մատչելիության հղումներ

Վրաստանում ընտրություններից երեք ամիս առաջ իշխանության և ընդդիմության շանսերը գրեթե հավասարվել են


Ընտրություններ Վրաստանում, արխիվ
Ընտրություններ Վրաստանում, արխիվ

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ երեք ամիս առաջ իշխող «Վրացական երազանք» դաշինքի և ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության հաղթանակի հնարավորությունները գրեթե հավասարվել են: Սա են վկայում գերմանա-ամերիկյան GFK ընկերության կողմից «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Դրանց համաձայն՝ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողների 22 տոկոսը պատրաստվում է քվեարկել «Վրացական երազանք»-ի, իսկ 21 տոկոսը` նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման օգտին: Երրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել է օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի հիմնադրած նորաստեղծ «Պետություն հանուն ժողովրդի» կուսակցությունը` գրեթե 8 տոկոսով:

Իշխող «Վրացական երազանք»-ի ղեկավարները հարցման արդյունքների հրապարակումից մի քանի ժամ անց արդեն հայտարարեցին, որ հետազոտության արդյունքներին չեն հավատում:

«Մենք բազմաթիվ նման հարցումներ ենք տեսել` ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարաբնույթ կանխատեսումներով: Միայն կարող եմ ասել, որ համոզված եմ` «Վրացական երազանք»-ը ընտրություններում կստանա քվեների ճնշող մեծամասնությունը: Դրանում ես որևէ կասկած չունեմ: Ակնկալում ենք, որ «Վրացական երազանք»-ը խորհրդարանում ավելի քան 100 մանդատ կունենա», - լրագրողների հետ զրույցում նշում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նշենք, ի դեպ, որ Վրաստանի խորհրդարանը 150-տեղանոց է, դրանում այսօր «Վրացական երազանք»-ը դաշնակից քաղաքական ուժերի հետ միասին 72 մանդատ ունի:

Վերադառնալով GFK-ի անցկացրած հարցման արդյունքներին` նշենք, որ այս հետազոտության համաձայն, բավական համեստ են գնահատված փոքր կուսակցությունների` խորհրդարանում ներկայացված լինելու հեռանկարները:

Միայն պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ»-ն է, որ վստահորեն հաղթահարում է 5 տոկոսի արգելքը: «Վրացական երազանք»-ի վաղեմի դաշնակից հանրապետականները, որոնց ներկայացուցիչները անցած տարիներին մի շարք բարձր պաշտոններ էին զբաղեցնում, այդ թվում՝ խորհրդարանի նախագահի պաշտոնը, կարող են ընդհանրապես դուրս մնալ հաջորդ գումարման օրենսդիր մարմնի կազմից․ GFK-ի հարցման համաձայն՝ հանրապետականները 1 տոկոսից էլ քիչ ընտրող ունեն այսօր: Կուսակցության ներկայացուցիչները հրապարակված հարցումը պատվիրված են անվանում: Այս մասին հայտարարում էր հանրապետականների առաջնորդներից մեկը` Լևան Բերձենիշվիլին:

«Կողմնակալ հարցումներին ես չեմ վստահում: Մենք չենք վստահում «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանն ու Ազգային միացյալ շարժմանը: Չենք վստահում նաև «Վրացական երազանք»-ին, որն իր հարցումներն է անցկացնում ու պնդում, թե քվեների 90 տոկոսն է ստանալու», - նշում էր ընդդիմադիր պատգամավորը:

Հարցումն անցկացվել է հունիսի 7-22-ը Վրաստանի բոլոր մարզերի ավելի քան 2 հազար բնակիչների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG