Մատչելիության հղումներ

«Անադոլու». Էրդողանի ներողությունն ուղղված էր զոհված ռուս օդաչուի ընտանիքին


Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը, 24-ը նոյեմբերի, 2015թ.

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը, 24-ը նոյեմբերի, 2015թ.

Ռուսաստանում և Թուրքիայում քննարկում են Էրդողանի նամակի բովանդակությունն ու նպատակը

Մինչ միջազգային հանրությունը քննարկում է ռուս-թուրքական մոտալուտ հաշտեցումը, երկու երկրներում վերլուծում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի բովանդակությունն ու իրական նպատակը։

«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով նախագահական աղբյուրները, գրում է, թե Էրդողանի ցավակցություններն ու ներողությունը ուղղված են միայն զոհված ռուս օդաչուի ընտանիքին, այլ ոչ թե Ռուսաստանին: Աղբյուրը նաև հաղորդում է, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը Սիրիայի, Ուկրաինայի և Ղրիմի հարցերում:

Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պնդմամբ, Էրդողանի նամակը Ռուսաստանին ուղղված հստակ ներողություն է պարունակում:

Հակասական հարց է նաև զոհված օդաչուի ընտանիքին թուրքական կողմի առաջարկած փոխհատուցումը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախօրեին թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է. - «Նամակի բովանդակությունը շատ հստակ է, մենք հայտնում ենք մեր ցավակցությունը, կիսում ենք զոհվածների ընտանիքների ցավը, և եթե անհրաժեշտ է, կփոխհատուցենք»:

Իսկ այսօր Թուրքիայի վարչապետը հրաժարվել է իր խոսքերից` պնդելով. - «Ոչ, նման բան չկա: Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող: Մենք միայն մեր ցավակցությունն ենք հայտնել: Օդաչուի սպանության մեջ պատասխանատու անձի նկատմամբ իրավական գործընթաց է ընթանում»:

Ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամը, հիշեցնենք, առաջացավ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով:

Էրդողանը, մեկնաբանելով նախօրեին Կրեմլի կողմից հրապարակված՝ Պուտինին ուղղված իր նամակը, նշել է թե իր ուղերձով Ռուսաստանին հիշեցրել է տարածաշրջանային լայնածավալ համագործակցության հնարավորության մասին և հույս հայտնել, որ երկու երկրներին վնաս հասցնող ճգնաժամի հաղթահարումը կբերի երկկողմ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը:

Յըլդըրըմը, խոսելով արտաքին քաղաքական հարթակում վերջին զարգացումների մասին, նշել է. - «Մենք ավելացնելու ենք մեր բարեկամների թիվը և նվազեցնելու ենք մեր թշնամիներինը: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ և շարունակելու ենք աշխատել: Մեր գլխավոր նպատակն է՝ բարեկամական հարաբերություններ զարգացնել ոչ միայն Ռուսաստանի և Եգիպտոսի, այլև Միջերկրական և Սևծովյան բոլոր երկրների հետ»:

Այսօր արձագանքներ են հնչել նաև պաշտոնական Մոսկվայից: Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան լուրջ քայլ է որակել Էրդողանի նամակը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, իր հերթին, նշել է, թե Թուրքիայի ներողությունը ուշացել է, բայց՝ «լավ է ուշ, քան երբեք»: Նրա համոզմամբ, Էրդողանի ուղերձը կարող է հիմք հանդիսանալ ապասառեցման և ռուս-թուրքական հարաբերությունների փուլային կարգավորման համար:

Ակնկալվում է, որ վաղը ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա Պուտին-Էրդողան հեռախոսազրույց:

XS
SM
MD
LG